Կառավարությունը 60 միլիոն դրամ հատկացրեց Կապան համայնքի գյուղական կրթական օջախներին
«Ներկայացված գումարից 60 միլիոն դրամը նախատեսվում է հատկացնել Կապանի գյուղական բնակավայրերի կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով ընտրված 13 կրթահամալիրների ստեղծման, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար»,-կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Դումանյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը:
Հայտնելով, որ կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացվելու է 67 միլիոն 125 հազար դրամ՝ նա տեղեկացրեց, որ գումարի մի մասն էլ կուղղվի Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում գտնվող «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորությանը:
Նրա խոսով՝ Սյունիքի մարզի բնակավայրերում նախատեսվում է ունենալ արդիական շենքային ու գույքային պայմաններ՝ համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով, այլ անհրաժեշտ պայմաններով:
«Արդիական պայմանները կծառայեն նաև որպես բնակավայրի մշակութային, սպորտային, ժամանցային միջավայր՝ դառնալով համայնքային ժամանակակից կենտրոններ: Կրթահամալիրներից 7-ը կծառայեն նաև շրջակա բնակավայրերի երեխաների համար, որի նպատակով կգործարկվեն 8 երթուղիներ՝ հատուկ այդ նպատակով գնվող տրանսպորտային միջոցներով և ուղեկցորդներով»,-հայտնեց Վահրամ Դումանյանը:
Տեղեկացնելով, որ 7 միլիոն դրամ էլ կհատկացվի Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության համակարգի տեղադրման համար՝ ԿԳՄՍ նախարարը կարևորեց արձանի պահպանումն ու անվտանգությունը և հայցեց ոստիկանության աջակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագորման չափանիշի մասին մեր ռեֆորմը հումորի թեմա է դառնում. Փաշինյան
- Կառավարությունը ՏԻՄ-երին օրենքով կպարտադրի հաշվետու լինել մարզպետներին
- ԱԺ վերջին ընտրություններում նախատեսված շեմը հաղթահարած 4 կուսակցության և դաշինքի այսօր կահտկացվի 521 մլն դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան