Չիմացանք, թե կառավարական առանձնատների սաունաների և ջակուզիների վերանորոգմանը որքան գումար հատկացվեց. Ագնեսա Խամոյան
«Կոնվենցիայի հիմնական նպատակը պետության որևէ անձի վերաբերյալ հարցմանն առանց որևէ խտրականության պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի մատչելիության ապահովումն է»,- Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:
Տեղեկացնելով, որ Հայաստանը կոնվենցիան ստորագրել է 2020թ. հունիսին՝ փոխնախարարը հայտնեց, որ այն արդեն 20 պետություն է ստորագրել, որոնցից 11-ում արդեն ուժի մեջ է մտել:
«Տեղեկատվության ազատության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները պայմանավորված են նրանով, որ օրենքով և դատական պրակտիկայով սահմանվել են բավականին առաջադեմ չափանիշներ, որոնք որոշ դեպքերում այնքան առաջադեմ են, որ անգամ ավելին են, քան կոնվենցիայով նախատեսված կարգավորումները»,- հայտարարեց Թումանյանցը և, նկատելով, որ կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները Հայաստանն արդեն իրականացրել է սեփական օրենսդրությամբ և պրակտիկայում, հավելեց.
«Մեր երկիրն ունի տեղեկատվության ազատության ոլորտում, զարգացած, հարուստ և այլ երկրների համար բավականին օրինակելի պրակտիկա և, հետևաբար, կոնվենցիայի վավերացմամբ ՀՀ-ն չի ստանձնում այնպիսի պարտավորություն, որն իրավական տեսանկյունից լրացուցիչ է, կամ կարող է բեռ հանդիսանալ մեր համար»:
Երանուհի Թումանյանցը նաև հայտնեց, որ կոնվենցիան վերաբերում է պաշտոնական փաստաթղթերի մատչելիությանը, ինչը համադրելի է հրապարակայնության և տեղեկատվության ազատության հարցում ՀՀ-ի ընտրած ուղղությանը:
Փոխնախարարին իր անհամաձայնությունը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Դուք Հայաստանի տեղեկատվության ազատության պրակտիկան հարուստ և օրինակելի ձևակերպեցիք և ես մի օրինակ հիշեցի: Վերջերս իմ պատգամավոր և լրագրող գործընկերներն այդպես էլ չկարողացան տեղեկատվություն ստանալ այն առանձնատան վերանորգման ծախսերի մասին, որտեղ պատրաստվում էր տեղափոխվել Ալեն Սիմոնյանը, հասարակությանն այդպես էլ հայտնի չդարձավ, թե որքան գումար տրամադրվեց Նիկոլ Փաշինյանի առանձնատան վերանորոգման համար»,- հայտարարեց պատգամավորը և նկատեց, որ հասարակությունը նաև չիմացավ, թե կառավարական առանձնատների սաունաների և ջակուզիների վերանորոգման համար որքան գումար է հատկացվել:
Ընդդիմադիր պատգամավորն արդարադատության փոխնախարարին հորդորեց շատ շռայլ չլինել ձևակերպումներ մեջ, երբ հայտարարում է, որ տեղեկատվության ազատության ոլորտում Հայաստանը հարուստ և օրինակելի պրակտիկա ունի:
Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն արձագանքեց և ասաց, որ Խամոյանը ներկայացնում է դոլարային միլիոնատերերի խմբակցությունը և փորձում է սոցիալական հարցերով հասարկության ուշադրությունը գրավել, այն դեպքում, որ վերանորոգման գումարները ավելի չեն Աֆրիկայում առյուծի որսի համար վճարած գումարից:
Ագնեսա Խամոյանն էլ հարկ չհամարեց պատասխանել Եղոյանին, այլ հիշեցրեց, որ գործող իշխանություններն էին իրենց ներկայացնում որպես ամենաթափանցիկ:
Հանձնաժողովը կողմ քվեարկեց նախագծին:
Հարակից հրապարակումներ`
- Արեգնազ Մանուկյան. Պետբյուջեից որքա՞ն գումար է ծախսվել Ալեն Սիմոնյանի կառավարական առանձնատան վերանորոգման համար
- Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում յուրացումների գործով փորձաքննության եզրակացությունը ստացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան