Արա Ֆիդանյանը չպատասխանեց, թե ով է զբաղվում Փաշինյանի հասցեին հնչող վիրավորանքների բացահայտմամբ
«Նախորդ տարվա ընթացքում երկրում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 14.3 %-ով կամ 3777 դեպքով»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ 2020 թվականի ընթացքում կատարված հանցագործությունների թիվը 26 468 էր, 2021 թվականին՝ 30 245»։
Նրա խոսքով՝ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բնակարանային գողության, կողոպուտի, յուրացման կամ վատնման և խուլիգանության դեպքերը, բայց միևնույն ժամանակ աճել են սպանությունների, սպանության փորձի, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, գողության, ավազակության, խարդախության, համակարգչայն տեխնիկայի միջոցով կատարված խարդախությունների, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերը:
Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ արձանագրված դեպքերի 84.1%-ը ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործություններն են:
«Հանցագործությունների աճի զսպման ուղղությամբ արդեն իսկ տրվել են հանձնարարականներ՝ իրականացնել հստակ գործողություններ և կանխարգելիչ ու օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնք, ըստ 2 ամիսների տվյալների, տվել են դրական արդյունքներ»,- ասաց նա:
Ասուլիսին մասնակցող մյուս փոխոստիկանապետը՝ Արա Ֆիդանյանը խուսափեց պատասխանել լրագրողի հարցին, թե ով է զբաղվում Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին հնչող վիրավորանքների բացահայտմամբ։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե վիրավորանքներն արձանագրելու համար Փաշինյանն ի՞նքն է ստուգում ԶԼՄ-ներն ու սոցցանցերը, թե՞ դրանով զբաղվում է ոստիկանության վարչությունը։
«2021թ. Քրեական օրենսգրքի 137.1՝ ծանր վիրավորանքի հոդվածով, բացահայտվել է 268 դեպք, 17 գործ հանձնվել է դատարաններ, 134-ը դադարեցվել է, 16-ը՝ կարճվել, իսկ 101-ը վարույթում է։ 20 դեպք կապված է հանրային գործունեության հետ»,- պատասխանեց Ֆիդանյանը և շարունակեց ներկայացնել 2022թ-ի վիճակագրությունն, ըստ որի՝ արդեն բացահայտվել է 240 դեպք, 4 գործ ուղարկվել են դատարաններ, 83-ը դադարեցվել է, 5-ը՝ կարճվել և 148-ը վարույթում է։
Նրա ներկայացմամբ՝ 64 դեպք կապված է հանրային գործունեության հետ, իսկ այդ գործերի քննման համար կա՛մ հանցագործության օբյեկտն է հայտարարություն տալիս, կա՛մ ոստիկանությունն է ուսումնասիրում հնարավոր միջոցները, մասնավորապես՝ ԶԼՄ-ները:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազը ԵՄ ներկայացուցչին ներկայացրել է «ծանր վիրավորանքի քրեականացման անհրաժեշտությունը»
- Ծանր վիրավորանքի հոդվածը դարձել է քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին պաշտպանող հոդված. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան