Պատժամիջոցների պայմաններում Թեհրանը պատրաստ է աջակցել Ռուսաստանին. Իրանի նավթի նախարար
Իրանը պատրաստ է աջակցել Ռուսաստանին եւ կոոպերացիան զարգացնել ավելի ինտենսիվ ռեժիմով։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ հանդիպման ժամանակ, գրում է ParsToday-ը։
«Ռուսաստանը մեր կողքին էր, երբ մենք հայտնվեցինք պատժամիջոցների տակ, ուստի այսօր մենք մեր պարտականությունն ենք համարում լինել Ռուսաստանի կողքին այս դժվար պայմաններում եւ օժանդակություն ցուցաբերել»,- հավաստիացրել է նա։ «Մեր հանդիպման նախօրեին հաջողությամբ տեղի ունեցան Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները։
Դրանց արդյունքները մեծ նշանակություն կունենան երկրների երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի համար։ Հաստատվել է հարաբերությունների նոր մակարդակ ապահովելու կողմերի ձգտումը։ Ռուսական կողմի համար կարեւոր է Ռուսաստանի հետ համագործակցությունը զարգացնելու Թեհրանի պատրաստակամությունը՝ չնայած հավաքական Արեւմուտքի հակառուսական սահմանափակումներին»,- նշել է Ալեքսանդր Նովակը։
Ընդ որում՝ փոխվարչապետը նշել է վառելիքաէներգետիկ համալիրի կարեւոր դերը երկրների գործնական հարաբերություններում։
«Վառելիքաէներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը հիմք կստեղծի կից ճյուղերի եւ մեր աշխատանքի ուղղությունների հետագա զարգացման համար։ Զգալի ավանդ է ներդնում բազմակողմ ձեւաչափով համագործակցությունը ՕՊԵԿ+ եւ Գազ արտահանող երկրների համաժողովի շրջանակներում։
Անկասկած, լարված աշխարհաքաղաքական իրավիճակն իր հետեւանքները կունենա, բայց կցանկանայի ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը հավատարիմ է գործընկերների առջեւ իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, եւ էներգակիրների մատակարարումները կմնան կայուն»,- ընդգծել է Նովակը։
Այցի շրջանակում Օրուջին հանդիպել է նաեւ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության ուղիները վառելիքաէներգետիկ համալիրի ոլորտում։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի հեռանկարներին՝ Ադրբեջան-Իրան-Ռուսաստան ձեւաչափով։
«Չնայած արտաքին գործոններին՝ մեր երկկողմ տնտեսական համագործակցությունը շարունակում է հաջող զարգանալ»,- նշել է Շուլգինովը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը տրամադրված է բոլոր համատեղ նախագծերի հետեւողական իրականացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին