Աշխարհի ամենաերջանիկ երկրների շարքում Հայաստանը 82-րդն է
ՄԱԿ-ի կողմից պատրաստված Համաշխարհային երջանկության զեկույցի համաձայն՝ Ֆինլանդիան հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կազմակերպության փոխանցմամբ՝ բնության հետ մտերմությունը, անվտանգ կենսամիջավայրը և անհրաժեշտ ծառայությունների ու միջոցների առկայությունը հաճախ նշվում են որպես ֆին բնակիչների երջանկության հիմնական գործոններ:
Ամենաերջանիկ երկրների հնգյակում ընդգրկվել են նաև Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան և Նիդեռլանդները, իսկ տասնյակում՝ Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը և Նոր Զելանդիան։
Հայաստանն այս վարկանիշում զբաղեցնում է 82-րդ տեղը, Ռուսաստանը՝ 80-րդ, Ադրբեջանը՝ 92-րդ, Վրաստանը՝ 105-րդ։
Երջանկության համաշխարհային զեկույցը հրապարակվում է 2012 թվականից։ Այն կազմելիս հետազոտողները հաշվի են առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, սոցիալական աջակցության մակարդակը, կյանքի տևողությունը, քաղաքացիական ազատությունների հարգումը, աշխատանքի անվտանգությունը, կոռուպցիայի մակարդակը, ինչպես նաև հասարակական կարծիքի հարցումների արդյունքները։