«Հայաստան» խմբակցության անդամները հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտի բնակիչների հետ
Մարտի 16-ից 17-ը Արցախի Հանրապետությունում էր ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատվիրակությունը: Ստեփանակերտում պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Ելենա Կիրակոսյանը հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահության հետ: Հանդիպմանը ներկա էին «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը: Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» խմբակցությունը։
«Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը, ողջունելով հայաստանցի գործընկերների այցն Արցախ, ընդգծել է համազգային օրակարգով առաջնորդվելու անհրաժեշտությունը, որի կարևոր կետերից է Արցախի հարցը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մտահոգիչ է որակել Հայաստանի քաղաքական դաշտի ուղերձները և նշել, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական նիստերը չեն կայանում:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները գործընկերներին հրավիրել են Արցախի հարցով ՀՀ խորհրդարանում առաջիկայում կազմակերպվելիք լսումներին: Արցախի խորհրդարանի պատգամավորները ողջունել են և կարևորել Արցախի հարցով լսումներ կազմակերպելու և Արցախի պագամավորներին հրավիրելու նախաձեռնությունը:
Այնուհետև «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի խորհրդարանի «ՀՅ Դաշնակցություն», «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր Արցախի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունների հետ, սակայն «Միասնական հայրենիք» խմբակցությունը մերժել է հրավերը և չի մասնակցել: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ցավով նշել է, որ 34 տարի շարունակ Հայաստանն ու Արցախը կապող թելերն այսօր նորից անջատում են իրարից:
Ըստ նրա՝ չկա առանձին Արցախի հարց, այլ կա հայ ժողովրդի հարց՝ Հայ դատ, որի մի բաղադրիչն էլ Արցախի խնդիրն է: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրել է, որ 2019թ. Արցախի խորհրդրարանում ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպված «Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք» ֆորումն իրականում անհանգստության առաջին դրսևորումն էր, երբ արդեն իսկ խնդիրներ էին նկատվում Արցախի սուբյեկտայնության և Հայաստան-Արցախ հարաբերությունների մեջ: «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Հարությունյանն իր հերթին շեշտել է, որ պատրաստակամ են յուրաքանչյուր հարցի շուրջ համագործակցության, որն ուղղված է լինելու հայ ազգի առջև դրված խնդիրների լուծմանը:
«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, ողջունելով գործընկերների այցն Արցախի Հանրապետություն, ընդգծել է, որ այսօր կարիք կա երկխոսելու` ստեղծված իրավիճակից դուրս գալու, համատեղ լուծումներ գտնելու: Հայաստանի և Արցախի պատգամավորները հույս են հայտնել, որ փոխադարձ այցելությունները շարունակական բնույթ կկրեն, և վերջիվերջո ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ում Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ կգումարվի:
Խորհրդարանական հանդիպումներից զատ, «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտի բնակիչների հետ, քննարկել բնակիչներին հուզող հարցեր: Այնուհետև Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը և Ելենա Կիրակոսյանը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են ԱՀ Ասկերանի շրջանի սահմանամերձ Խրամորթ և Խնապատ համայնքներ: Ճանապարհին պատգամավորներին միացել է ԱՀ Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ասրյանը: Պատգամավորները Խրամորթ և Խնապատ համայնքների ղեկավարների հետ խոսել են առկա խնդիրների մասին, շփվել գյուղացիների հետ, իրենց զորակցությունը հայտնել թշնամու դիտարկման ներքո ապրող մարդկանց»,- նշված է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան