Սևանա լիճը դարձրել են ձկնաբուծարան և հպարտությամբ խոսում են այդ մասին․ Անահիտ Գևորգյան
Շուտով օրերը կտաքանան և կրկին կսկսեն «մտահոգությունները» Սևանա լճի «ծաղման» շուրջ։ Թեև պարբերաբար պատկան մարմիններն ինչ-ինչ ծրագրերի մասին հայտնում են, որոնք միտված են կանխարգելելու լճում էվտրոֆացման գործընթացները, այդուհանդերձ, ափամերձ տարածքներում ապրող բնակիչները դեռ շոշափելի արդյունքներ չեն տեսնում։
«Սևանա լճին մոտ ապրող մարդը Սևանը հոգով ու սրտով է զգում»,- ասում է Մարտունի քաղաքի բնակիչ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանն ու ավելացնում․
«Երբ Սևանա լիճը բարձրանում է, մեր տներն են խոնավանում, իջնում է՝ մեր աղբյուրներն են ցամաքում։ Սևանը մեր համար մի ուրիշ ցավ է»։
ԱՆահիտ Գևորգյանը նշեց, որ հատկապես իր համար մեծ ցավ է տեսնել, թե ինչպես է լիճը վերածվել ձկնաբուծարանի։ Խոսքը՝ ափին գործող ցանցավանդակային տնտեսության մասին է, որտեղ բուծվում է 250 տոննա ընդհանուր քաշով իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակների ձուկ։
«Սևանա լիճը դարձրել են ձկնաբուծարան և հպարտությամբ խոսում են այդ մասին։ Այդքան չափով ձուկ Սևանը պատրաստ չէ ընդունելու, բացի այդ, արհեստական հորմոններ են կերի տեսքով տալիս ձկներին և դրանց արտաթորանքը լճի հատակին կրապատում է առաջացրել։ Դա ևս նպաստում է, որ Սևանը տարեցտարի կանգնեցնի ռիսկային փաստի առաջ ինչպես բնակիչներին, մասնագետներին, այնպես էլ՝ Կառավարությանը։ Սևանը ձկնաբուծարան չի կարելի դարձնել, ցանցը գցել են Սևանի մեջ և ձուկ են աճեցնում, հորմոն լցնում։ Ախր լիքը ձկնաբուծարաններ կան, տարեք էնտեղ աճեցրեք ,ո՞նց կարելի է Սևանը դարձնել ձկնաբուծարան»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անահիտ Գևորգյանը։
Հարցին, թե որքանո՞վ է գոհացնող Սևանա լճի պահպանությանն ուղղված աշխատանքները, ՀԿ նախագահը նշեց, որ գուցե անում են աշխատանքներ, բայց ինքը՝ որպես ակտիվ բնակիչ, ամեն դեպքում չի տեսել, որ այս կամ այն գործառույթն անում են, որպեսզի լճի «ծաղկումը» դադարի։
Ինչ վերաբերում է Սևանա լճի ափամերձ անտառների ջրածածկման ենթակա հատվածներում մաքրման աշխատանքներին, Անահիտ Գևորգյանը հայտնեց․
«Հենց հիմա լճի մեջ կան և ծառեր, մեծ էլէկտրասյուներ, բոլորը ջրի մեջ են։ Գուցե աստիճանաբար են անում, բայց այսքան տարի որ չեն վերջացրել, փաստ է։ Հիմա, որ դուք Ծովակի տակ, դեպի Վարդենիս գնացող ճանապարհին նայեք, այդ ճահիճը, կանաչը, ծառերը ամբողջովին լճի մեջ են»։
Մեկ այլ խնդիր են լիճ թափվող կոյուղաջրերը, որոնք շարունակում են էական վնաս հասցնել լճին։ Անահիտ Գևորգյանի խոսքով՝ Խորհրդային տարիներին նախատեսված էր կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցում, բայց թե հետո ի՞նչ եղան այդ խողովակները, չգիտի։ Այժմ էլ խնդիրը շարունակում է արդիական մնալ և տեսանելի քայլեր, ամեն դեպքում չկան։
1930-ականներից սկսած Սևանա լճի «ցավով» ապրում են ափամերձ բնակիչները, երբ լճի մակարդակն իջեցվեց շուրջ 18 մետրով։ Այդ ժամանակ էներգետիկ նպատակներով լճի ջրի օգտագործումը թեև աջակցող գործոն էր տնտեսության զարգացման համար, սակայն Սևանի մակարդակի զգալի իջեցումը հանգեցրեց էկոհամակարգերի խախտմանը՝ փոխելով ջրի ջերմաստիճանը, թթվածնային ռեժիմը, թափանցիկությունը և այլն:
Հետո սկսեցին լճի փրկության ճանապարհներ մշակել՝ կառուցելով Արփա-Սևան թունելը, որը շահագործման է հանձնվել 1981թ․ին։ Սակայն այն ամբողջ հզորությամբ չի օգտագործվում և ավելի քիչ ջուր է հասնում Սևանա լիճ, քան նախատեսված էր։
«Մեծ գումարներ են ներդրվել թունելի կառուցման համար, սակայն այսօր կարծես այն անտեսվել է և բնական ճանապարհով չեն թողնում լճի մակարդակը բարձրանա։ Տարեցտարի ավելանում են ջրբացթողումների քանակը, ապօրինի շինարարությունները»,- նշեց Գևորգյանը։
Մարտունու բնակչի խոսքով՝ Սևանա լիճը բազմաթիվ դեգերումներից հետո էլ այսօր շարունակում է «գոյության կռիվը»։
Հարակից հրապարակումներ`
- ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը նոր նախագահ ունի
- Սևանա լճի խնդիրները
- «Սևանա լճի աղտոտվածությունը նվազեցնելու ամենաարդյունավետ տարբերակը՝ կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցումն է»
- Սևանա լճում 2022-ին նախատեսվում է իրականացնել 155 հեկտար ջրածածկ ու ջրածածկման ենթակա տարածքի մաքրում
- Սևանա լիճը հնարավոր է մաքրել «ծաղկած» նյութերից․ գիտնականներն առաջարկում են մատչելի և անվնաս տարբերակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան