«Բարեգործական արշավներ Հայաստանում»՝ պատերազմից տուժածների, նրանց ընտանիքի անդամների և տեղահանվածների համար
Չնայած Հայաստանի հնարավորություններին՝ գեղեցիկ բնություն, կլիմա, պատմամշակութային հուշարձաններ, դեռևս արշավային մշակույթն այնքան էլ զարգացած չէ։ Վերջին տարիներին տարբեր արշավական ակումբներ են բացվել, որոնք փորձում են զարգացնել այս ուղղությունը։
«Բարեգործական արշավներ Հայաստանում» ծրագրի զբոսավար-համակարգող Լևոն Վխկրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այս նախաձեռնությամբ ցանկանում են խթանել արշավական մշակույթը Հայաստանում։
Այս ծրագրի առաջնային թիրախում են գտնվում վերջին պատերազմի հետևանքով տուժածները, նրանց ընտանիքի անդամները և տեղահանվածները։
«Ես ու կոլեգաս արշավներ ենք կազմակերպում, ունենք մեր խմբերը։ Եվրոպայում ապրող մեր ընկերներից մեկը գրեց և առաջարկեց ինչ-որ նախաձեռնությամբ հանդես գանք, որն ինքը կֆինանսավորի։ «Բարեգործական արշավներ Հայաստանում» ծրագիրը ստեղծեցինք։ Այդ մարդու նպատակն է, հատկապես պատերազմից հետո, նպաստել հայրենաճանաչության բարձրացմանը, երկրի հետ կապն ավելի ամրացնել, մեր երկիրն ավելի ճանաչելի դարձնել հենց երկրում ապրողների համար։ Որպես թիրախային խումբ ընտրեցինք պատերազմի ընթացքում վիրավորված ու ապաքինված զինծառայողներին, նրանց ընտանիքներին, նաև պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հարազատներին, տեղահանվածներին»,- մանրամասնեց Լևոն Վխկրյանը։
Խմբերը 8-18 հոգանոց են, հիմնականում ընտանիքի անդամներ՝ երիտասարդ կանայք, երեխաներ։ Ծրագիրն անվճար է։
«Երթուղիները հատուկ այնպես ենք կազմում, որ բարդ չլինի, հասանելի լինի բոլորի համար՝ կանանց, երեխաների, վիրավորում ստացած ու դեռևս հնարավոր է որոշ խնդիրներ ունեցող զինծառայողների համար։
Հիմնականում փոքր խմբերով ենք արշավներ կազմակերպում, որպեսզի հնարավորություն տանք այդ մարդկանց շփվել իրար հետ։ Հաճախ ընտանիքներում կորուստ ունեցած մարդիկ, վիրավոր զինծառայողները մեկուսացած են, շփման կարիք ունեն և հենց նման մարդիկ են իրար ամենալավը հասկանում»,- ասաց Լևոն Վխկրյանը՝ հավելելով, որ թիրախային այդ խմբի մարդիկ, եթե ցանկանում են մասնակցել արշավներին, պետք է գրեն իրենց ֆեյսբուքյան էջին՝ facebook.com/charityhikesinarmenia։
Բարեգործական ծրագրի շրջանակում արդեն 12 արշավ կազմակերպվել է, երկու շաբաթը մեկ պարբերականությամբ։
Լևոն Վխկրյանի խոսքով, ցանկանում են ներգրավվել նոր մասնակիցներ ու նոր ֆինանսավորողներ՝ ծրագիրը մշտական, պարբերական դարձնելու ու շահառուների թիրախային խումբը ընդլայնելու համար՝ արշավային մշակույթը զարգացնելու, մարդկանց այդ մշակույթին ծանոթացնելու համար։
«Մենք ուզում ենք արշավային մշակույթը զարգացնել և մարդիկ այն ընկալեն որպես հանգստի տարբերակ, որի ընթացքում կապահովվի և ակտիվ ու առողջ հանգիստ, և ծանոթություն Հայաստանի բնությանն ու պատմամշակութային հուշարձաններին, քանի որ մենք փորձում ենք ամեն անգամ երթուղում ընդգրկել մշակութային բաղադրիչ՝ բերդ, վանք, մշակութային այլ կոթող։
Արշավների միջոցով մենք խթանում ենք հայրենաճանաչության բարձրացումը, դրանք դարձնում ենք առողջ հանգստի տարբերակ։ Մեր նպատակն է արշավական մշակույթը դարձնել «ազգային սպորտաձև»»,- ասաց Լ.Վխկրյանը։
Լուսանկաները՝ facebook.com/charityhikesinarmenia-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան