Նորվեգիայում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել
Նորվեգիայի հյուսիսում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել, որում 4 մարդ է եղել: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ ծովային հետևակի երկրորդ էքսպեդիցիոն կորպուսի մամուլի ծառայությունը հաստատել է այդ տեղեկությունը։
«Նորվեգիայի քաղաքացիական իշխանությունները որոնողափրկարարական գործողություն են իրականացնում», - ասված է հաղորդագրության մեջ:
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, ենթադրվում է, որ ԱՄՆ ռազմական ինքնաթիռը, որում եղել են անձնակազմի չորս անդամներ, կործանվել է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ, ուրբաթ հայտնել է Նորվեգիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Ամերիկյան Osprey ռազմական ինքնաթիռը «անհետացել է 18:26 (1726 GMT) Նորվեգիայի հյուսիսում Բոդոյից հարավ» եղանակային վատ պայմանների ժամանակ, ասվում է արտակարգ իրավիճակների շրջանային ծառայության հայտարարության մեջ:
Ինքնաթիռի անձնակազմը մասնակցել է ՆԱՏՕ-ի «Սառը պատասխան» զորավարժություններին։ Զորավարժություններին մասնակցում է 30 հազար մարդ ՆԱՏՕ-ի երկրներից և դաշինքի գործընկերներից։
HRS-ի հայտարարության մեջ ասվում է, որ օդային որոնումներ իրականացնող փրկարարները նկատել են ինքնաթիռի մասերն այն հատվածում, որտեղ այն անհետացել է, սակայն եղանակը չափազանց անբարենպաստ էր վայրէջք կատարելու համար:
«Մենք միջադեպի վայրում չենք, ուստի ոչինչ չգիտենք ինքնաթիռում գտնվող [անձնակազմի] չորս անձանց վիճակի մասին։ Բայց մենք գիտենք այն վայրը, որտեղ տեղի է ունեցել աղետը»,- ասել է HRS-ի խոսնակ Յան Էսկիլ Սեվերինսենը:
«Սառը արձագանք 2022» զորավարժությունների նպատակն է ստուգել, թե ինչպես է Նորվեգիան կառավարելու իր տարածքում դաշնակից ստորաբաժանումները ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության անհրաժեշտության դեպքում:
Զորավարժություններն անցկացվում են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածության պայմաններում Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժելու պատճառով, սակայն դրանք ծրագրվել էին փետրվարի 24-ին Կրեմլի կողմից սկսված ռազմական գործողություններից շատ առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան