Հիմա որևէ մեկը չի կարող խաղեր տալով, սրա նրա գիրկը թռնելով՝ քաղաքական օրակարգ ձևավորել. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցությունը կազմակերպել է «Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը. մեր տեղը նոր աշխարհակարգում» խորագրով համաժողովը: Կուսակցության նախագահ Վահան Բաբայանն ասաց, որ Հայաստանը պետք է որոշի նոր աշխարհակարգում իր տեղը որտեղ է լինելու։
«Մենք ապրում էինք այլ աշխարհում փետրվարի 24-ից առաջ, փետրվարի 24-ից հետո այլ աշխարհում։ Հիմա որևէ մեկը չի կարող խաղեր տալով, սրա նրա գիրկը թռնելով քաղաքական օրակարգ ձևավորի։ Այսօր մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակիցը փաստացի պատերազմի մեջ է, բայց մեր կապիտուլյանտ իշխանությունները մեկ Մակրոնի հետ են գնում փաթաթվում Փարիզում, հայտնի չէ, թե ինչ են խոսում, մեկ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձն է գնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի հետ հանդիպման։ Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է»,- նշեց Բաբայանը։
Նրա խոսքով, Հայաստանը կանգնած է լուրջ վտանգների առաջ, լինել-չլինելու վտանգների առաջ։
«Այսօր կա իշխանական խմբակցություն, որը փաստացի իրեն հավատացողներին տանում է դեպի Թուրքիա, ՆԱՏՕ և կանք մենք, որ առաջարկում ենք ձեզ գնալ դեպի Ռուսաստան։ Մենք ունենք պատմական բարեկամական և եղբայրական հարաբերություն ՌԴ հետ։ Չմոռանանք, թե որ երկրի զինվորներն են կանգնած Արցախում և պաշտպանում են այս կապիտուլյանտների հանձնած Արցախի գոնե այն մնացած մասը, որն այսօրվա հումանիտար ճգնաժամի ու այլ հոգեբանական ճնշումների ներքո փորձում է գոյատևել ու մնալ այնտեղ։ Արցախցիները չեն վախենում կրակոցներից, պատերազմներից, պարենային ճգնաժամերից, վախենում է մի բանից՝ Երևանն իր ձեռքերը լվացել է և կարող է պաշտոնական Երևանը երես թեքել իրենցից։ Իսկ այսօրվա քաղաքականությունը հենց դրա մասին է խոսում, Արցախից երես են թեքել Երևանում»,- ասաց Վ.Բաբայանը։
Ըստ նրա, ապագա աշխարհակարգում և-և-ի տարբերակ չկա, կամ-կամ էլ նունիսկ չկա, քանի որ երկրորդ կամ-ը Թուրքիան է։
«Մենք պետք է որոշենք՝ ինչպես ենք ապրելու։ Կարծում եմ՝ այդ որոշման մեջ Ռուսաստանը գտնվում է շատ կարևորագույն տեղում, որից մենք ուղղակի չպետք է մտածենք հեռանալ։ Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դուրս գա Ռուսաստանի դեմ, հայ ժողովուրդը պարտավոր է սատար կանգնել Ռուսաստանի ժողովրդին»,- ասաց Բաբայանը։
Համաժողովին ներկա «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանի խոսքով, Հայաստանի հայրենասեր, առաջադեմ հանրությունը պետք է ցույց տա ապագան և այդ ապագան Հայաստանի և ՌԴ նոր միություն ստեղծելու մեջ է։
«Մենք պետք է գնանք դեպի միութենական պետություն։ Մեր շահեը համընկնում են Ռուսաստանի, Բելառուսի հետ։ Եթե այս անգամ սխալվենք, կկորցնենք մեր պետականութունը, կարճ ժամանակում կկորցնենք մեր ազգային էությունը»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան