Մթերքներ, որոնք կօգնեն կարգավորել զարկերակային բարձր ճնշումը
Ամերիկացի դիետոլոգները նշել են այն մթերքները, որոնք կօգնեն կարգավորել զարկերակային բարձր ճնշումը։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
Սննդաբան Տրիստա Բեսթը կարծում է, որ սպանախը, կաղամբը և լոբազգիներն օգտակար են զարկերակային բարձր ճնշմամբ մարդկանց համար: Դրանցում պարունակվող մագնեզիումը բարձրացնում է օրգանիզմում ազոտի օքսիդի արտադրությունը, որը հանգստացնում է արյան անոթները և կարգավորում արյան հոսքը։
Ջանեթ Քոուլմանի խոսքով էլ՝ մեկ այլ մթերք, որն օգտակար է արյան ճնշումն իջեցնելու համար, յուղոտ ձուկն է։ Օմեգա-3-ի շնորհիվ, չհագեցած ճարպաթթուները, ձկները, ինչպիսիք են սաղմոնը կամ սկումբրիան, բարելավում են սրտի աշխատանքը: Nutrition ամսագրի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շաբաթական երեք անգամ սաղմոնի օգտագործումը կարող է նվազեցնել ճնշումը:
Դիետոլոգը նաև խորհուրդ է տալիս կաթ և մածուն խմել: «Կաթն ու մածունը հարուստ են սպիտակուցներով և կալցիումով, որոնք անհրաժեշտ են ոսկորների համար։ Բայց դրանք պարունակում են նաև կալիում, որն օգնում է նվազեցնել արյան ճնշումը»,- ասում է բժիշկը։
Դիետոլոգ Ռեյչել Ֆայնի կարծիքով՝ ավոկադոն նույնպես շատ օգտակար է արյան ճնշումը նորմալացնելու համար՝ շնորհիվ կալիումի մեծ քանակության։
Տրիստա Բեսթն էլ հավելել է. «Կալիումը գործում է ինչպես մագնեզիումը. հանգստացնում է արյան անոթները և ապահովում է ավելի ազատ արյան հոսք»։ Նա նաև նշել է, որ բանանը նույնպես հարուստ է կալիումով և կարող է օգտակար լինել բարձր ճնշման դեմ պայքարում:
Բացի այդ, մասնագետները վկայակոչել են Experimental and Therapeutic Medicine ամսագրի հետազոտությունը, որից հետևում է, որ սխտորը ևս կարող է նվազեցնել բարձր ճնշումը: