Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը միջամտել է քննիչի գործողություններին՝ չունենալով դրա իրավունքը. Մակինյան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կայացել է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբիկ Հայրապետյանի և վերջինիս որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի գործով առերևույթ ապօրինի միջամտություն կատարելու, ինչպես նաև՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր դատախազության կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին ԱԱԾ քննիչի որոշման դեմ բողոքը, ինչն էլ այժմ վիճարկվում է Վերաքննիչ դատարանում։ Փաստաբան Ամրամ Մակինյանը վերաքննիչ բողոքով պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ կայացնելով նոր դատական ակտ կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ, ներկայացնելով բողոքը՝ փաստաբանն արձանագրել է, որ խախտվել են Ռուբիկ և Ռաֆիկ Հայրապետյանների իրավունքները, չեն պահպանվել Քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքները։ Ակնհայտ ապօրինի որոշումը, ըստ նրա, խաթարել է արդարադատության բուն էությունը, մինչդատական վարույթ իրականացնող մարմինների հեղինակությունը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, մինչդեռ, դատարանն իր ոչ իրավաչափ որոշմամբ աչք է փակել այս ամենի վրա և հաստատել վարույթն իրականացնող մարմնի, դատախազության ոչ իրավաչափ գործողությունները։ Մակինյանն ընդգծել է, որ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերով հիմնավորվել էր, որ վարչապետի օգնականը, ի պաշտոնե չունենալով քննիչի գործողություններին միջամտելու որևէ լիազորություն, պաշտոնեական լիազորությունների անցմամբ, ապօրինի միջամտել է քննիչի գործողություններին՝ փաստական առումով խմբագրելով և քննիչին վերադարձնելով Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը։
«Մինչդեռ, ԱԱԾ քննիչն, ունենալով վարչապետի օգնականի և ՀԿԳ քննիչի լիազորությունների անցման և քննիչի լիազորություններին միջամտելու ինքնախոստովանական բացատրությունները, մեր գնահատմամբ առերևույթ հանցավոր խմբի գործողություններն ամեն կերպ կոծկելու համար արժանահավատ է համարել վարչապետի օգնականի և քննիչի բերած այն պատճառաբանությունները, որ իբրև վարչապետի օգնականը խնդրահարույց գործերով իրավական օգնություն է ցուցաբերել քննիչին և որևէ եղանակով չի միջամտել նրա գործողություններին, իբրև՝ վարչապետի օգնականի խմբագրած՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը հիմք չի հանդիսացել Ռաֆիկ Հայրապետյանի գործողություններին գնահատական տալու համար, այն քննիչի համար պարտադիր չի եղել»,-նշել է Մակինյանը՝ հավելելով, որ, եթե իրոք քննիչն ու առաջին ատյանի դատարանը հավատում են իրենց որոշմանը, ապա սա իրավական զավեշտ և ծաղր է՝ ՀՀ-ի և ԱԱԾ-ի նկատմամբ։
Մակինյանն ընդգծել է, որ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, իր հայեցողությամբ, քննիչի որոշման մեջ «փաստեր է» լրացրել կամ կրճատել,ինչը չի բխում նրա պաշտոնեական պարտականություններից։ Դատախազը չառարկեց, որ նման գործառույթ վարչապետը օգնականը չունի, սակայն պնդեց, թե Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը քրեական գործով ներգրավված է եղել որպես փորձագետ։ Դրանով հանդերձ, չկարողացավ նաեւ հիշատակել քրեական դատավարության օրենսգրքի որեւէ հոդված, որը թույլ է տալիս գործադիր մարմնի ղեկավարի օգնականին ներգրավել որպես փորձագետ ու անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մշակումը քննիչի փոխարեն վերապահել նրան, բայց ինչպես դատախազը, այնպես էլ քննիչը խնդրեցին մերժել բողոքը։
Դատական նիստը հետաձգվել է մինչև մարտի 29-ը, ժամը՝ 16.00-ն։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Վարդապետյանի մեյլերը ԱԱԾ-ն բարի լիներ բացեր, քրգործ հարուցեր, կտեսնեին, որ երրորդ նախագահի գործով էլ է խոչընդոտել. Մակինյան
- Փաշինյան-Վարդապետյան թիմը ոչ թե խմբակ է, այլ նորմալ կազմակերպված հանցավոր խումբ․ Ամրամ Մակինյան
- Ամրամ Մակինյանն ԱԱԾ-ում ներկայացրել է Փաշինյան-Վարդապետյան «հանցախմբի» հանցախմբի բացահայտման իր պլանավորած քայլերը,
- Փաստաբան. ԲԴԽ-ից պահանջում եմ պարզաբանում Աննա Վարդապետյանի կողմից ԲԴԽ վարչական շենք այցելությունների նպատակների մասին
- Աննա Վարդապետյանը մասնակցել է կոնկրետ քրգործերով քաղաքական պատվերի իրականացմանը. Մելոյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի