Անժելա Էլիբեգովա. Առանց մարմնի մասերի անկանոն թափահարումների, փսիխոդելիկ մտքերի պատմեք՝ ինչ եք բանակցում
ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնողներին ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան երեք պարզ հարց ուղղեց։
«Հարց առաջին. Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է։ Եթե մենք դիտարկում ենք միայն Արցախի անկախությունը և որևէ պարագայում չենք դիտարկում այն Ադրբեջանի կազմում, ապա ինչո՞ւ եք մոռացել դրա մասին զգուշացնել ձեր թիմակիցներին, որոնք անառողջ համառությամբ մեզ շարունակում են հակառակը համոզել։
Առհասարակ խորհրդի կարգով, եթե ձեզ մոտ անվերահսկելի ցանկություն է առաջանում նման մտքեր արտահայտելու, ապա լրագրողներին մի պատմեք դրա մասին, գնացեք հոսող ջրին պատմեք, բայց աշխատեք արագ պատմել, քանի որ ջրի սակագինը բարձրացրել եք։
Ես կարող եմ ենթադրել, որ այդ մարդիկ չգիտեն հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, անթրոպոլոգիա, դրա համար պարզ օրինակների վրա կբացատրեմ։ Տեսեք, երբ 4-րդ դարում Ամարասը հիմնում էին, հետո Մեսրոպ Մաշտոցը եկավ այնտեղ դպրոց հիմնեց, իրենք չէին ենթադրում, որ 1500 տարի հետո կհայտնվեին ադրբեջանցիներ, որոնք կասեին՝ դա իրենցն է։
Կամ Դադիվանք, երբ 9-րդ դարում հիմնեին, չէին պատկերացնում, որ հարյուրամյականեր անց Երևանում կհայտնվեն պաշտոնյաներ, որոնք ալարում են գիրք կարդալ։ Ես կարող եմ ենթադրել, որ նույնիսկ հայկական Նախիջևանի պատմությունը չգիտեն այդ մարդիկ, որտեղ Ադրբեջանի ջանքերով ամբողջությամբ վերացված է հայի հետքը, բայց դրանից ոչ Ջուղայի խաչքարերն են դադարում հայկական լինել, ոչ էլ Ագուլիսի եկեղեցիները, ինչպես չի դադարում հայկական լինել Շուշին հայերի զանգվածային ջարդերից հետո, ինչպես Հադրութը չի դառնա ադրբեջանական՝ ուզեն մեկ մզկիթ կառուցեն, թե տասը շարեն իրար կողք։
Ցավում եմ, որ այս ամբիոնից ստիպված եմ նման պարզ բաներ բացատրել, բայց արի ու տես, բացատրում, բացատրում ես, մեկ էլ հո՜պ, հակապետական, ապազագային մտքեր են սկսում այդ մարդիկ արտահայտել։ Եթե ձեզ հայկական Արցախը պետք չի, ապա մեզ պետք է, մեր երեխաներին, մեր թոռներին պետք է։ Մեսրոպ Մաշտոցին է պետք վերջ ի վերջո, հուսով եմ տառաճանաչ եք ու գիտեք՝ ո՞վ է Մեսրոպ Մաշտոցը։
Ինչևէ։
Հարց երկրորդ. Հայ-թուրքական հարաբերություններում նախապայմաններ կա՞ն, թե՞ չկան։ Հայկական կողմը պնդում է՝ չկան, թուրք-ադրբեջանական կողմը հերթով, կարգով, շարքով այդ նախապայմանները, բարձրաձայնում է, թվարկում է, թարմացնում է, ճոխացնում է։ Իսկ բանակցությունները շարունակվում են։ Եթե չկան նախապայմաններ, ապա պատմեք, տեսնենք, ինչի՞ մասին եք դուք խոսում էդ բանակցությունների ժամանակ, ի՞նչ է ձեզ առաջարկում թշնամի պետությունը, որը մեկ ու կես տարի առաջ մեր տղաներին վարձկաններով ու Բայրաքթարներով սպանում էր։
Պատմեք, մենք էլ իմանանք։ Մենք ասելով, ի նկատի ունեմ հասարակության մեծամասնությունը, որը ձեզ ձայն չի տվել ու չի լիազորել ձեր անունից խաղաղության դարաշարջան բացել, որովհետև այնպիսի դարաշարջան եք բացել, որ մի հումանաիտար աղետից դուրս չեկած, մյուսի մեջ ենք ընկնում։ Եթե դուք այդքան վստահ եք, որ Ադրբեջանն իր կրակոցներով ձեզ չի կարող շեղել այդ խաղաղությունից, խնդրեմ, ձեր ընտանիքներով տեղափոխվեք Խրամորթ, ապրեք, ըմբոշխնեք ձեր բացած խաղաղության դարաշրջանի բոլոր պտուղները։
Ըըը, մոռացել էի։ Դուք չեք կարողանում գնալ Արցախ, որովհետև ձեր անվտանգությունն այնեղ չեն կարողանում ապահովել։ Շատ հոռի խաղաղության դարաշրջան եք բացել, ասեմ ձեզ։ Ինչևէ, պատմեք մեզ, թե ինչ եք բանակցում, բայց հոդաբաշխ պատմեք՝ առանց մարմնի մասերի անկանոն թափահարումների, բարձր դեցիբելների ու ինչ-որ փսիխոդելիկ մտքերի։ Պարզ բացատրեք, ի՞նչ եք խոսում թշնամու հետ։
Ինչևէ։
Հարց երրորդ։ Ե՞րբ է Ադրբեջանը պատժվելու ռազմական հանցագործությունների համար։ Ե՞րբ է Ադրբեջանը հայտարարվելու որպես ագրեսոր և ենթարկվելու սանկցիաների։ Ե՞րբ է բարձրացվելու Արցախի դեօկուպացիայի հարցը։ Մեկ ու կես տարին, կարծում եմ, բավարար ժամանակահատված էր, որպեսզի այդ ապացուցողական բազան հավաքեիք, վերլուծեիք, ներկայացնեիք աշխարհին։ Ե՞րբ եք պատրաստվում դա, անել։ Եթե իհարկե, առհասարկ, պատրաստվում եք»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Պետք է շատ հստակ խոսել արցախահայություն ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման մասին
- Կներես մեզ, Մարիա ջան, բայց քեզ պես բալիկներ ունեցող հայրենիքը դատապարտված է հաջողության հասնել. Հայկ Մամիջանյան
- Արթուր Վանեցյան. Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերը Արցախից հրաժարվելու մասին են
- ԱԺ-ում ծափահարություններով ողջունեցին արցախցի պատգամավորներին
- Այս իշխանությունը չի կարողանում մեզ ապացուցել, որ ի վիճակի է ռազմական առումով որևէ տեսակի պատասխան տալ թշնամուն. Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան