Հրազդանի կիրճում վատ վիճակ է. Հրաչյա Սարգսյան
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությանը հանձնարարվել էր ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ, զեկուցել Հրազդանի կիրճի մաքրման ուղղությամբ ձեռնարկված մաքրման աշխատանքների մասին։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանն ասաց, որ Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ տրամադրելու հարցի հետ կապված խնդիրը մանրամասն քննարկվել է «Երևան նախագիծ» ՓԲԸ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժին, շրջակա միջավայրի նախարարության համապատասխան մասնագետների հետ։
«Իր բնույթով, ներկայիս օրենսդրությամբ, այն ներկայացնում է բնական լանդշաֆտ, ընկնում է Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի կարգավորումների շրջանակի մեջ։ Հիմա նաև բնության հատուկ պահպանվող տարածքների օրենքը լրամշակվում է, որպեսզի լանդշաֆտների մասին դրույթները ներառվեն օրենքում։ Բայց այս պահի դրությամբ, երբ զուգահեռներ ենք տանում օրենքում նախատեսված համապատասխան կարգավիճակների հետ, ապա, թերևս, հնարավոր չի դիտվում սահմանված ռեժիմներով այն դիտարկել որպես բնության հատուկ պահպանվող տարածք։ Բացառությամբ կարող է լինել տեղական նշանակության պահպանվող տարածք»,-մանրամասնեց վարչության պետը։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարցրեց, թե ի՞նչ պետք է լինի, որ այդ կարգավիճակը ստանա։
Գևորգ Նազարյանն ասաց, որ պահանջ կա, որպեսզի ջրային ռեսուրսների ռեժիմը չխախտվի, միշտ նույն ռեժիմով լինի, բայց Հրազդան գետն ամբողջությամբ կարգավորվող ռեժիմի ջուր է։
Հ.Սարգսյանը նշեց, որ այնտեղ վատ վիճակ է, անհրաժեշտ է կարգավիճակ տալ, որպեսզի ոչ մի գործողություն չկարողանան անել։
Նազարյանն արձագանքեց, որ 2013 թվականից կառավարության կողմից հաստատվել է Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին օրենքի հայեցակարգ, որով նախատեսվում էր, որ փոքր կենտրոնն ունենա նաև բուֆերային գոտի, հենց բուֆերային գոտում ներառվի Հրազդանի կիրճը, այս նույն օրենքի մշակման հանձնարարականը դրված է 2021-2026 թթ. կառավարության գործունեության միջոցառումերի ծրագրով։
Երևանի քաղաքապետը հանձնարարեց ուսումնասիրել, թե 2021-2026 թթ. կառավարության ծրագրի համաձայն ինչ պետք է իրականացնի քաղաքապետարանը։
«Անհրաժեշտության դեպքում խոսենք, քննարկենք նաև մեր գործընկերների հետ, հասկանանք, թե ինչ օրենսդրական փոփոխություններ իրականացնենք, որպեսզի Հրազգանի կրճին հատուկ կարգավիճակ տանք։ Չգիտեմ՝ ինչ կլինի այդ կարգավիճակը, բայց գոնե այն ընդունվելուց հետո հնարավորություն չլինի Հրազդանի կիրճում ռեստորաններ կամ նմանատիպ այլ բաներ բացել, ամբողջությամբ արգելվի օրենքի մակարդակով»,- ասաց Հ.Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դիտավորությո՞ւն, թե՞ անզգուշություն. պայթյուն Հրազդանի կենտրոնում
- Քաղաքապետ ընտրվելու դեպքում Զարուհի Փոստանջյանը խոստացել է Հրազդանի կիրճի աղբակույտերը վերացնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան