Զինծառայող Ալբերտ Սիրոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է երկու ծառայակից
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են զինծառայող Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը մահացու վիրավորումը ստացել է 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակված կրակոցից:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական անհետաձգելի և անհրաժեշտ գործողությունների արդյունքում ծառայակիցներից մեկը՝ մարտական դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը, ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով), իսկ նույն դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով (Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել) նախատասեված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պապիկյան. Անցած օրը զինծառայողների մահվան դեպքերը կարգապահության ոչ պատշաճ մակարդակի հետևանք են
- Քննություն է տարվում՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ
- Երկրորդ զինծառայողի դին են հայտնաբերել
- Ժամկետային զինծառայողին ինքնասպանության են հասցրել