Սիրավեպեր, տնտեսության վերաբերյալ գրքեր. ինչ են նախընտրում կարդալ ռուսաստանցիները
«Լիտրես» էլեկտրոնային գրքերի ծառայությունը վերլուծել է 2022 թվականի մարտին ռուսաստանցիների նախասիրությունները: Այսպես, մարտին քաղաքացիների շրջանում առավել մեծ ժողովրդականություն են վայելում տնտեսության վերաբերյալ գրքերը, սիրավեպերն ու ֆանտաստիկայի ժանրում ստեղծագործությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Տնտեսության վերաբերյալ գրքի պահանջարկը ռուսաստանցիների շրջանում մարտի երկրորդ շաբաթում աճել է ավելի քան երկու անգամ։
Ըստ աղբյուրի՝ ինքնազարգացման, անձնային աճի և գործնական հոգեբանության գրքերի նկատմամբ հետաքրքրությունն աննշան նվազել է: Գեղարվեստական գրականության նկատմամբ հետաքրքրությունն, ընդհակառակը, աճել է 12%-ով։
«Ինչ վերաբերում է առանձին ժանրերին, ապա տնտեսության վերաբերյալ գրքերի (56 տոկոսով), սիրային վեպերի (46 տոկոսով), ֆանտաստիկայի (20 տոկոսով), դասական գրականության (9 տոկոսով), քաղաքագիտության գրքերի (9 տոկոսով) վաճառքներն ավելացել են, իսկ սարսափ և մարտաարվեստի վերաբերյալ գրքերի վաճառքը՝ նվազել», - հայտնել են «Լիտրես»-ի մամուլի ծառայությունից։
Փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստանում և ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի ֆոնին ռուսաստանցիների հետաքրքրությունը գրքերի նկատմամբ փոքր-ինչ նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սակայն մեկ շաբաթ անց՝ մարտի 11-ից մարտի 17-ը, էլեկտրոնային և աուդիոգրքերի վաճառքն աճել է 18%-ով։ «Լիտրես»-ում ներկայացված անվճար գրքերի նկատմամբ հետաքրքրությունը նույնպես աճել է՝ 24%-ով։
«Լիտրես» ընկերությունների խմբի գլխավոր խմբագիր Եկատերինա Պիսարևան նշել է, որ գրքերի նկատմամբ հետաքրքրության աճը արտաքին և ներքին ճգնաժամի իրավիճակում հասկանալի է. ռուսաստանցիները տեղեկատվական լարված օրակարգի պայմաններում փորձում են վերականգնել իրենց հոգեկան հավասարակշռությունը, փոխվել և իրենց հարցերի պատասխանները գտնել գրքերի միջոցով: