Մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը 2021 թ-ին նվազել է 0,5 պրոմիլով. Անահիտ Ավանեսյան
«Մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը 2021 թվականին 2020 թվականի համեմատ նվազել է 0,5 պրոմիլով, որը շատ կարևոր ցուցանիշ է»,- Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նշեց, որ երկիրը բնութագրող հիմնական երեք ցուցանիշներով՝ մանկական մահացության, մայրական մահացության և կյանքի միջին ակնկալվող տևողության մասով Հայաստանը որոշակի առաջընթաց է ապահովում:
Նախարարը տեղեկացրեց, որ մարդու վեարարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու ծրագրի շրջանակներում անպտղության հաղթահարման արդյունքում 2021թ-ին 76 երեխա է ծնվել և գրանցվել է 211 հղիություն:
Նրա խոսքով՝ ծրագրի շահառու է դարձել 850 քաղաքացի, և ակնկալվում է, որ այս տարի ավելի լավ ցուցանիշներ են լինելու:
Անահիտ Ավանեսյանը հիշեցրեց, որ նախորդ տարի մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու պետական ծրագրում փոփոխություններ էին կատարվել, որոնց արդյունքում ընդլայնվել էր ծրագրի շահառուների ցանկը՝ դրա մեջ ներառելով ռազմական գործողությունների ընթացքում որդի կորցրած զույգերին և սահմանամերձ տարածքներից շահառուներին:
Նախարարի ներկայացմամբ՝ ծրագիրը հնարավորություն է տրվել պետպատվերով օգտվել փոխնակ մոր ծառայությունից, ինչը կմեծացնի նրանց՝ երեխա ունենալու շանսերը: