Կներես մեզ, Մարիա ջան, բայց քեզ պես բալիկներ ունեցող հայրենիքը դատապարտված է հաջողության հասնել. Հայկ Մամիջանյան
«Այս օրենսդրական նախաձեռնությունը կատարում ենք նրա համար, որպեսզի այլևս ոչ մեկը, երբեք լկտիություն չունենա ասել՝ ինչ պետք է, էդ էլ բանակցում ենք»,- «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում նախատեսված փոփոխություններին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց նախագծի հեղինակ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը և հավելեց, որ օրինագիծը նաև նրա համար է, որ առաջնային մանդատ կրող կառույցը՝ ԱԺ-ն բանակցային կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ երբեք չհայտնվի լուսանցքում:
Նրա խոսքով՝ ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը սուրճ խմող ընդդիմություն չէ:
«Մենք չենք լեգիտիմացնում իշխանությունների ապազգային որոշումները՝ մեր, իբր, դրանցից տեղյակ լինելով»,- ասաց պատգամավորը:
Հայկ Մամիջանյանի ներկայացմամբ՝ օրենքը ենթադրում է, որ ՀՀ ԱԳ նախարարը և վարչապետը համապատասխանաբար 3 և 6 ամիսը մեկ փակ-գաղտնի ֆորմատով ԱԺ-ին գրավոր զեկույց պետք է ներկայացնի արտաքին քաղաքականության հիմնական բանակցային ուղղությունների ընթացքի և առկա վիճակի վերաբերյալ:
Նախագծով սահմանվում է, որ այդ զեկույցները ստանալուց հետո ԱԺ պատգամավորների 25%-ի ստորագրությամբ ԱԳ նախարարը և վարչապետը հրավիրվելու են ԱԺ փակ նիստում զեկուցելու և հարցերին պատասխանելու համար, որը կարող է լինել մասնագիտական հանձնաժողովում կամ ԱԺ լիագումար նիստում:
«Խորհրդարանական ընդդիմությունը հիշում է, թե ինչու է եկել ԱԺ: Այո, այս մանդատը մենք վերցրել ենք իշխանափոխության հասնելու համար, բայց ուզում եմ հիշեցնել, որ նմանօրինակ սահմանափակումներն անհրաժեշտ են, քանի որ մեր իշխանությունների մոտ կանգնած են մարդիկ, որոնք հանրայինի եթերով բացահայտ ադրբեջանական թեզեր են հնչեցնում, քանի դեռ իշխանության մեջ այն մարդիկ են, որոնք ԱԺ ամբիոնից չեն համարձակվում ասել, որ Շուշին, Հադրութը և մեր հայրենիքի մնացյալ հատվածներն օկուպացված են, քանի դեռ իշխող ֆրակցիայից գրեթե բոլորն այդպես էլ չեն համարձակվում ասել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Հայկ Մամիջանյանն իր ելույթի վերջում ցանկացավ ներողություն խնդրել արցախցի փոքրիկ Մարիայից, որը վերջերս տարածված տեսանյութով փաստեց, որ իշխանության մեջ գտնվողներից և ընդհանրապես բոլոր մարդկանցից զգալիորեն ավելի հայրենասեր ու պահանջատեր է:
«Մարի՛ա ջան, կներես, որ քո արդար մանկական ցասման մեղավորներին, մենք դեռ չենք վռնդել, կներես, որ հայրենիքը դեռ չենք մաքրել ներքին թշնամուց, կներես մեզ, ճուտիկ ջան, բայց քեզ պես բալիկներ ունեցող հայրենիքը դատապարտված է հաջողության հասնել»,- ասաց Մամիջանյանը և խոստացավ այնպես անել, որ նա իր հաջորդ տեսանյութում ներկայացնի իր մանկական անհոգ հիշողությունները Շուշիից:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերը Արցախից հրաժարվելու մասին են
- ԱԺ-ում ծափահարություններով ողջունեցին արցախցի պատգամավորներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին