Պորտուգալիան Հայաստանին՝ 400 հազար 140 դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութ է նվիրաբերել
Պորտուգալիայի կառավարության կողմից նվիրաբերված COVID-19 դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի առաջին մասնաքանակը` 400 հազար 140 դեղաչափ, Հայաստանում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Այսօր առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում պատվաստանյութի խմբաքանակը առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին են հանձնել Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, Լեհաստանի դեսպանի առաջին խորհրդական Կրիժշտոֆ Բարչակը:
Մատակարարումն իրականացվել է Արևելյան գործընկերության երկրներին պատվաստանյութերով ապահովելու «Եվրոպայի Թիմ»-ի նախաձեռնության շրջանակներում` Եվրամիության, Լեհաստանի և Պորտուգալիայի համատեղ աշխատանքի շնորհիվ:
Մյուս մասնաբաժնի առաքումը Հայաստան նախատեսվում է ապրիլին:
«Շնորհակալություն մեր գործընկերներին այս ընթացքում ցուցաբերած սոլիդար վերաբերմունքի համար` ուղղված համավարակի զսպմանը: Հայաստանում արդեն 2 միլիոնից ավելի դեղաչափ պատվաստում է իրականացվել, 95 հազարից ավելի մարդ ամբողջապես պատվաստվել է: Մեր երկիրն անում է ամեն բան պատվաստանյութերի բազմազանությունն ապահովելու համար, և այս նվիրատվությունը ևս մեկ քայլ է պատվաստանյութերի հասանելիությունն ապահովելու հարցում»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
«Ուրախությամբ հայտնում ենք, որ պատվաստանյութերը ժամանել են Հայաստան։ Երախտապարտ ենք Պորտուգալիայի առատաձեռն հանձնառությանը և Լեհաստանի՝ այս ամենը կյանքի կոչելու համար ներդրված ջանքերին։ Մենք շարունակում ենք միասին պայքարել COVID-19-ի դեմ»,- նշել է ԵՄ դեսպանը ՀՀ Առողջապահության նախարարության հետ նվիրատվության փոխանցման ընթացքում»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրել է 306 հազար դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութ
- Շուկայի նոր թրենդ. Հայաստան «պատվաստանյութերի շրջագայությունների» պահանջարկը նկատելիորեն աճել է
- Իրանական երկու ընկերություն արտադրել են «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութ
- «Պֆայզեր» պատվաստանյութը հասանելի է պոլիկլինիկաներում
- Սպայկվաքս պատվաստանյութի չբացված սրվակների պիտանիության ժամկետը 7 ամսից փոխվել է 9-ի
- «Պֆայզեր» պատվաստանյութը Հայաստանում է