ՔԿ. Անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը
Քննչական կոմիտեն հրապարակել է տեղեկատվություն 44-օրյա արցախյան պատերազմի հետևանքով զոհված, գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ։
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3822 անձ։
21.03.2022թ. դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 150 զինծառայող և քաղաքացիական անձ։
Նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- Ավանեսյան. Չհուղարկավորված մասունքների հարցն ինչ-որ կերպ պետք է լուծենք
- ՔԿ. Պատերազմի հետևանքով զոհվել է 3781 անձ, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան