1992-ին ձախ կողմի այս ճահիճը չկար, ականջներիդ օղ արեք՝ վատ է վերջանալու. Աղվան Վարդանյան
ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ելույթի սկզբում նախ ասաց՝ հիշողության թարմացում, ապա նշեց, որ 1992 թվականին ստեղծված ծանրագույն վիճակը շատ նման է այսօրվա վիճակին, սակայն այս Ազգային ժողովի մեռելային վիճակը չկար, ձախ կողմի այս ճահիճը չկար այն ժամանակ։
«1992 թվական։ Ամառ։ Շուշիի ազատագրումից, Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանին միացնելուց հետո Ադրբեջանը անցել էր հարձակման։ Խորհրդային օմոնի օգնությամբ։ Գրավել էին Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտը։ Հազարավոր փախստականներ էին ճանապարհներին։ Ծանրագույն վիճակը, շատ նման այսօրվան։
Բնականաբար լարվածություն էր Երևանում։ Ընդդիմությունը պահանջում էր համարժեք իշխանություն, համարժեք գործողություններ։ Գերագույն խորհուրդը եռում էր։ Անընդմեջ քննարկումներ էին։ Անհանգիստ էին բոլորը. ՀՀՇ-ն, Դաշնակցությունը, ԱԺՄ-ն, կոմունիստները, ռամկավարները։
35-40 պատգամավորներ Արցախում էին։ Այս Ազգային ժողովի մեռելային վիճակը չկար։ Ձախ կողմի այս ճահիճը չկար։
Եվ ի՞նչ տեղի ունեցավ։
1992 թվականի հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդը, ընդառաջելով ընդդիմության պահանջին, ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշումը։
Այդ որոշման մեջ արձանագրված է. «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգային ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա, հայտնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա բնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։
Սա բոլոր ուժերի համախմբում էր մեկ նպատակի շուրջ։
Հետո՝ 1992-ի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի հուսահատ- վճռական պոռթկումն էր, 500 մահապարտների կոչը։ Հետո ստեղծվեց Արցախի պետական պաշտպանության կոմիտեն՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ։ Հետո, 1992-ի սեպտեմբերին, ընդդիմության առաջնորդներից Վազգեն Մանուկյանը նշանակվեց ՀՀ անվտանգության գծով պետնախարար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար։
Հետո՝ գիտեք. հաղթանակներ, ազատագրումների շարք։ Ամենածանր իրավիճակում համախմբումը արդյունք տվեց։
Հիմա համեմատեք այս իշխանության պահվածքը վերջին պատերազմի ժամանակ և հետո։ Հիմա համեմատեք այսօրվա խաղաղություն մուրալու գործելաոճը։ Հիմա համեմատեք ՔՊ-ական պատգամավորների այսօրվա քվերակությունը։
Եւ վերջապես հիշեք, ականջներիդ օղ արեք՝ Գերագույն խորհրդի այդ որոշումը ուժի մեջ է։ Ուժի մեջ է նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի հունվարյան որոշումը։
Ով խախտեց դրանք՝ վատ է վերջացնելու»,- ելույթում ասաց Աղվան Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն իր աշխատելաոճով դառնում է խուճապի պատճառ. Արեգնազ Մանուկյան
- Թադևոս Ավետիսյան. Մոտ ապագայում ունենալու ենք տնտեսական անկում՝ բոլոր սոցիալական հետևանքներով
- ՔՊ-ն տապալեց Արցախի հումանիտար իրավիճակի հարցով ընդդիմության հայտարարության նախագիծը
- Գեղամ Նազարյանի հուսահատ կոչը ՔՊ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան