Կառավարությունն իր աշխատելաոճով դառնում է խուճապի պատճառ. Արեգնազ Մանուկյան
«Հայաստանը կանգնած է պարենային անվտանգության լրջագույն խնդիրների առաջ: Այդ խնդիրներն ունեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Ըստ նրա, օբյեկտիվն աշխարհում տիրող իրավիճակն է՝ պայմանավորված համավարակով և ուկրաինական ճգնաժամով, սուբյեկտիվը պայմանավորված է Հայաստանի կառավարության գործունեությամբ, ավելի ճիշտ՝ անգործությամբ: Նա ասաց, որ թանկանում են առաջին անհրաժեշտության սննդատեսակները, կա հացահատիկի դեֆիցիտի ապահովման հարց, սակայն գործադիր իշխանությունն, ըստ էության, ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել ինչպես մյուս հարցերում:
«Շատ է խոսվում հացահատիկի դեֆիցիտի մասին և ասվում, թե Ռուսաստանից արտահանման արգելքի պատճառով կարող է հացամթերքը թանկանալ: Սակայն Ռուսաստանը հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրներին իրենք հացահատիկի գնում թույլ կտան նախորդ տարիների ծավալով և պայմանով, որ դեպի երրորդ երկիր հացահատիկը չարտահանվի: Սա նշանակում է, որ եթե իշխանություններն առաջնորդվեն զուտ մեր երկրի պարենային անվտանգության շահերով, ապա հացամթերքի թանկացում չի լինի: Իսկ եթե հացահատիկի թանկացում եղավ, ուրեմն մեղավորը հայաստանյան իշխանություններին կից օլիգարխները կլինեն, որոնք գերշահույթներ ստանալու նպատակով կարող են հացահատիկը դրսում վերավաճառել՝ մեր երկրի ներսում դեֆիցիտ առաջացնելով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ա. Մանուկյանի խոսքով, էկոնոմիկայի կատակասեր նախարարը հերթական մտքի թռիչքն է հրամցրել. «Ըստ նրա՝ ապրանքների գները թանկացրել են տնտեսվարողները, որպեսզի, ուշադրություն, զսպեն ժողովրդի խուճապը: Մինչդեռ ճիշտ հակառակն է՝ երբ գներն անվերահսկելիորեն ու արագորեն աճում են, հենց դա է բերում խուճապի ու մարդկանց իռացիոնալ վարքագծի»։
Նա ասաց, որ կառավարությունը չի շտապում թոշակ ու աշխատավարձ բարձրացնել, չի փորձում գները կայունացնել, չի տալիս ապագայի նկատմամբ վստահություն ու հենց ինքն իր աշխատելաոճով դառնում է խուճապի պատճառ:
«Կառավարությունն անգործունակ է հանրային ու սոցիալական ապահովության հարցերում, բայց երբ իրենց անձնական շահն է պահանջում, շատ գործունյա են ու հաշվենկատ: Մինչդեռ հաշվի առնելով ներքին շուկայի վիճակը և ուկրաինական ճգնաժամով պայմանավորված պատժամիջոցային պատերազմի հետևանքները՝ կառավարությունը պետք է վերանայի իր հարկաբյուջետային քաղաքականությունը:
Նախ անհրաժեշտ է կրճատել անիմաստ ու չհիմնավորված ծախսերը: Բացի այդ՝ պետք է անապահով խավերին աջակցելու և փոքր ու միջին բիզնեսին եթե ոչ օգնելու, ապա գոնե հարկային ռեժիմների մեղմացումներ ապահովելու քայլերի գնալ: Բայց դե ումից ինչ ենք ակնկալում»,- նշեց Ա. Մանուկյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ այս իշխանությունները չունեն անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմ երկիրը ճգնաժամային պայմաններում կառավարելու համար, իսկ սեփական հաճույքներին ուղղված ծախսերի կրճատման չեն գնա՝ ագահությունից ելնելով:
Հարակից հրապարակումներ`
- Այս խորհրդարանում Ալեն Սիմոնյանը միակը չէ, որը տուրիստական տոմս է շահել. Արեգնազ Մանուկյան
- Արդյո՞ք ձեր այդ անթաքույց հրճվանքը օգնեց, որ գոնե մեկ գերի հետ վերադարձվի. Արեգնազ Մանուկյանը՝ Միրզոյանին
- Ալեն Սիմոնյանն Արցախ այցելելու փոխարեն գերադասեց մեկնել Բալի կղզի. Արթուր Խաչատրյան
- Այսօր մենք կանգնած ենք պարենային անվտանգության խնդրի առաջ. Արթուր Խաչատրյան
- Պարենային անվտանգության հետ կապված Հայաստանը որևէ խնդիր չի ունենա. Ռուստամ Բադասյան
- Կառավարությունից հայտնում են՝ նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա
- Դավիթ Պիպոյան. Պարենային անվտանգության խնդիրներն առաջնային են
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան