Անձամբ ես սարսափելի հիասթափված եմ. Գեղամ Մանուկյանը՝ Մհեր Գրիգորյանի մասին
«Քննարկումն այդպես էլ նոր ոչինչ չտվեց: Տվեց այն նույն կարծիքը, որ շատ հարցերում իշխանությունը կրավորական կեցվածք ունի և գործնական աշխատանքներ չի իրականացնում»,- Արցախի հումանիտար ճգնաժամի թեմայով ԱԺ փակ նիստից հետո լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմության պատրաստած հայտարարության մեջ չկար որևէ անընդունելի կետ, բայց քաղաքական մեծամասնությունը որոշել էր Ադրբեջանին և Թուրքիային չզայրացնել:
«Նրանք կարծում են, որ իրենց երազած խաղաղության դարաշրջանը նման պարտվողական կեցվածքով կարող են կառուցել, բայց կյանքը ցույց է տալիս, որ պայքարի ոչ պատրաստ մարդը միշտ զիջումների է գնում»,- հայտարարեց պատգամավորը:
Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ բանակցային պրոցեսից, առաջարկներից, Ադրբեջանի ներկայացրած 5 կետերին ի պատասխան հայկական կողմի ներկայացրած որևէ դիտողության մասին նիստում ոչինչ չի ասվել, այլ նախորդ օրը ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Արարատ Միրզոյանի հետ հարցուպատասխանի ժամանակ հնչածի կրկնությունն է եղել:
Նրա խոսքով՝ իշխանությունը հավանական բանակցային պրոցեսի մասին որևէ ռեալ պարզաբանում, որևէ հիմնարար տեղեկություն չի ներկայացրել:
«Կարևորն Արցախի հումանիտար վիճակի մասին պատրաստած հայտարարությունն էր, որն այս դժվար պահին արցախահայությանն ուղղված զորակցական քայլ էր, իսկ միջազգային հանրությանը ներկայացնում էր իրավիճակը և կոչ էր արվում ավելի գործուն միջոցներ կիրառել Ադրբեջանի քայլերի դեմ»,- տեղեկացրեց պատգամավորը՝ հավելելով, որ քվեարկությանը իշխանական պատգամավորների չմասնակցելու հետևանքով է տապալվել հայտարարության ընդունումը:
Պատասխանելով հարցին, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից արդյո՞ք հետաքրքրվել են Արցախի գազի խնդրից՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Անձամբ ես սարսափելի հիասթափված եմ, քանի որ չեմ կարող պատկերացնել Հայաստանի կողմից փոխվարչապետ, որը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ բանակցություններ է վարում կոմունիկացիաների բացման վերաբերյալ, և անմիջական իրավիճակին չի տիրապետում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին