ԱԺ-ում փակ նիստով կքննարկեն Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցը
Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվել է «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը։ Ընդդիմությունն է առաջարկել նման թեմայով քննարկում անցկացնել։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ ընդդիմության առաջարկով արտգործնախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա կլինեն այդ նիստին։
Նա նաև ասաց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ն պաշտոնական գրությամբ առաջարկել է «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացել ԱԺ փակ նիստում։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հիմնավորմամբ է առաջարկվում նիստը փակ անցկացնել, քանի որ թեման հանրության լայն շրջանակների է հետաքրքրում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ այս հարցը ոչ միայն Հայաստանում է հանրային լայն հետաքրքրություն առաջացնում, այլ նաև Հայաստանից դուրս. «Այս հարցի քննարկումները կոնտեքստային իմաստով կարող են պարունակել Արցախին և Հայաստանին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր, որոնք մենք չենք կարող բաց և ուղիղ ռեժիմով քննարկել։ Այն, ինչ վերաբերում է ՀՀ ազգային և պետական շահերին և Արցախի անվտանգային վիճակին, մենք չենք կարող մեզ թույլ տալ այդ հարցերը քննարկել բաց ռեժիմով։
Միաժամանակ, ցանկանում եմ արձանագրել, որ մենք շահագրգռված ենք այս հարցի քննարկմամբ, և դա է պատճառը նաև, որ, ինչպես առաջարկել է ընդդիմությունը, Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա կլինեն հարցի քննարկմանը, որպեսզի ունենանք հնարավորինս բովանդակային քննարկում, սակայն մենք առաջարկում ենք կատարվի փակ ռեժիմով»,- ասաց Հայկ Կոնջորյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ հասկանում է՝ հարցեր կան, որոնք փակ նիստով պետք է արվեն, բայց նաև քաղաքական մեծամասնությանը, ԱԺ նախագահությանը խնդրում է, պահանջում է նույն նախանձախնդրությամբ արգելեն քաղաքական մեծամասնության բոլոր այն արտահայտությունները, որոնք վիրավորում են Արցախին, արցախցուն, դահլիճում նստած նախկին զինվորական համարվող անձինք կան, ովքեր այս օրերին ուղղակի անթույլտարելի, խայտառակ արտահայտություններ են անում արցախցիների հասցեին։
Քվերակության դրվեց «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը փակ անցկացնելու մասին նախագիծը։ Կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 1։
Այնուհետև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով, քանի որ փակ ռեժիմով է անցկացվելու, ճիշտ կլինի արցախցի իրենց գորընկերներին, որոնք այսօր Երևանում են, հնարավորություն տան հրավիրյալի կարգավիճակով մասնակցել փակ նիստին։
Ռուբեն Ռուբինյանն առաջարկեց աշխատանքային կարգով քննարկել այդ առաջարկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան