Այս խորհրդարանում Ալեն Սիմոնյանը միակը չէ, որը տուրիստական տոմս է շահել. Արեգնազ Մանուկյան
«Այս էլ որերորդ անգամ ԱԺ լիագումար նիստերի ժամանակահատվածում Ալեն Սիմոնյանը մեծ խմբով մեկնում է գործուղման, իսկ իրականում՝ տուրիստական շրջագայության»,-ԱԺ հերթական նիստի մեկնարակին ԱԺ նախագահի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանին հարց ուղղեց «Հայայստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ընդհատեց պատգամավորին՝ հետաքրքրվելով, թե պատգամավորն արդյոք հա՞րց է տալիս:
Արեգնազ Մանուկյանը պատասխանեց, որ հարց է տալիս, և եթե Արշակյանը համբերի՝ կլսի այն:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Ալեն Սիմոնյանը Ինդոնեզիա է մեկնում պետական բյուջեի հաշվին՝ և ինքը ստիպված է լինում իր հարցերն ուղղել ոչ հասցեատիրոջը:
«Ինչո՞վ է պայմանավորված 11 հոգանոց պատվիրակության մեկնումը Ինդոնեզիա, ինչքա՞ն է այն նստելու Հայաստանի հպարտ հարկատուների վրա, ի՞նչ արդյունքներ է ստանալու Հայաստանն Ալեն Սիմոնյանը այդ այցից»,-հարցրեց Արեգնազ Մանուկյանը:
Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ ՀՀ-ն տարբեր միջխորհրդարանական հարթակներում ունի պատվիրակություններ, որոնց կազմը հաստատվում են ԱԺ խորհրդի կողմից, որի անդամ են նաև «Հայաստան» խմբակցության անդամները:
«Ալեն Սիմոնյանը Ինդոնեզիա չի մեկնել շրջագայության, այլ մեկնել է որպես միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:
Նկատելով, որ իր հարցերին խուսափողական պատասխան հնչեցվեց՝ Արեգնազ Մանուկյանը հավելեց. «Այս խորհրդարանում Ալեն Սիմոնյանը միակը չէ, որը տուրիստական տոմս է շահել: ՔՊ պատգամավորները հերթով մեկնում են շրջագայությունների՝ 0 արդյունք տալով Հայաստանին և լիքը անձնական տպավորություններ ստանալով՝ կրկին պետական բյուջեի հաշվին»
Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Աժ կայքում ներկայացվում են բոլոր պատվիրակությունների այցի նպատակները, կազմերը և ծախսերը:
«Ձեր նշած շրջագայությունների ընթացքում, ցավոք, միայն ՔՊ խմբակցության պատգամավորներն են մեկնում և բարձրաձայնում են այն հարցերը, որոնք բխում են ՀՀ և Արցախի շահերից»,-հայտնեց ԱԺ նախագահի պաշտոնակատարը, և որպես ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար հիշեցրեց, որ վերջերս այդ կառույցում ընդունվել են երկու բանաձևեր որոնք շատ կարևոր են Հայաստանի համար
Ռուբեն Ռուբինյանը վերջում դիմեց Արեգնազ Մանուկյանին. «Ձեզ էլ խորհուրդ կտամ փոխել Ձեր ոճը, որովհետև արդեն հոգնեցնում եք»: