Արմենուհի Կյուրեղյանի՝ Թումանյանի քառյակից մեջբերումից վիրավորվեցին ՔՊ-ականները
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանը ՔՊ-ական պատգամավորների՝ ՀՅԴ-ի ու դրա ներկայացուցիչներին վերաբերող ելույթներին, ռեպլիկներին արձագանքեց մեկ տողով՝ Թումանյանի փոփոխած բառերով. «Դեռ հեռու է մինչև Մարդը ձեր ճամփան»։
ՔՊ-ական պատգամավորները դժգոհության ձայներ արձակեցին, ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը գործընկերներին լռելու կոչ արեց։
«Տիկին Կյուրեղյան, ախր...»,-սկսեց խոսել Ռուբինյանը։
«Ես գրականությունից ընդամնեը մի տող կարդացի»,-ասաց Կյուրեղյանը։
«Մի րոպե, մի րոպե, ես այնպիսի գրականություն կարող եմ ցիտել, որ... բանը»,-վրա բերեց Ռուբինյանը։
«Թումանյանը, ինձ թվում է, էդ գրականությունը չէ»,-արձագանքեց Կյուրեղյանը։
«Չէ, ներողություն, ներողություն, ես ձեզ թույլ չեմ տալու...»,-շարունակեց Ռուբինյանը։
«Իմ երեք րոպեն տվեք»,-դիմեց նախագահողին Կյուրեղյանը։
«Ոչ, ես թույլ չեմ տալու, որ գաք այստեղ ու վիրավորեք»,-չհանդարտվեց Ռուբինյանը։
«Ես չեմ վիրավորում, ես Թումանյանի քառյակ եմ կարդում»,-պնդեց Կյուրեղյանը։
«Հիմա շարունակեք Ձեր ելույթը, հենց վիրավորանք լինի, ես թույլ չեմ տալու»,-սպառնաց Ռուբինյանը։
«Դուք դա չեք կարող»,-անդրդվելի էր Կյուրեղյանը։
ԱԺ դահլիճից հնչած գոռգոռոցներին դաշնակցական պատգամավորն արձագանքեց. «Իսկ դուք կարդացե՞լ եք Թումանյանի այդ քառյակը, հասկացե՞լ եք, թե ինչի մասին է խոսում Թումանյանը»։
Նշենք, որ դաշնակցական պատգամավորը մեջբերում էր արել այս քառյակից.
«Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան»։
Դաշնակցական պատգամավորները Ռուբինյանին հորդորեցին նկատողություն անել ՔՊ-ական պատգամավորներին։
«Նկատողություն անեմ իրենց, որ վիրավորվե՞լ են։ Շարունակեք, տիկին Կյուրեղյան»,-ասաց Ռուբինյանը։
Ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարեց, որ իրեն դիմել է քաղաքացի Նաիրա Տերտերյանը, նրա նամակն ընթերցելու է ամբիոնից, դրա բովանդակության վրա հրավիրեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուշադրությունը։ Մանրամասնեց՝ Ն. Տերտերյանը երեք անչափահաս երեխաների մայր է։
«2005-ին ամուսնացել եմ Ղազախստանի քաղաքացի Մհեր Տերտերյանի հետ, ամուսնությունը գրանցվել է այդ երկրում։ 2016-ին երեխաների հետ վերադարձել ենք Հայաստան մշատական բնակության՝ մեր հետ տեղափոխելով Ղազախստանում համատեղ աշխատած ֆինանսական միջոցները։ Վարձակալությամբ բնակվել ենք Երևանում։ 2017-ին վերը նշված միջոցներով Վայոց Ձորի մարզի Ռինդ և Չիվա գյուղերում իմ անունով ձեռք ենք բերել մոտ 400 հա հողամասեր, որոնց ½ մասը պատկանում է Մհեր Տերտերյանին, ½-ը՝ ինձ։
2020-ի փետրվարին, Մհեր Տերտերյանը, մի քանի շաբաթ բացակայելով տնից, վերադարձել է, ինձ ծեծելով անչափահաս երեխաների հետ միասին դուրս է շպրտել տնից՝ ինձ որակելով բոմժ։
Հետագայում պարզվել է, որ 2019-ի փետրվարին Մհերը, չարաշահելով իմ վստահությունը, խաբեությամբ ու ֆիզիկական ուժ կիրառելով իմ նկատմամբ, տիրացել է իմ անվամբ գրանցված անշարժ գույքին, ինչպես նաև իմ բանկային հաշիվներում գտնվող դրամական միջոցներին՝ 500 մլն դրամ։
2021-ին Մհերը իմ բանկային միջոցներից յուրացրած գումարներով բացել և ֆինանսավորում է «Միասնական Հայրենիք» կուսակցությունը, այդ ճանապարհին Մհերը նույնպես իրականացրել է բազմաթիվ ապօրինություններ՝ մասնավորապես քաղաքացիություն ստանալու ու կուսակցությունը գրանցելու նպատակով։
Իմ և փաստաբանի հաղորդումների հիման վրա որոշ գործեր են բացվել, բայց հետագայում ընթացք չեն ստացել, ընդ որում քրգործեր չեն հարուցվել ինձ սպանելու փորձի, բանկային հաշիվներում իմ գումարների հափշտակության հետ կապված»,-նամակն ընթերցեց Կյուրեղյանը, ապա դիմեց Դավթյանին. «Հիմա ես դիմում եմ պարոն դատախազին։ Պարոն դատախազ, Ն. Տերտերյանը խնդրել է Ձեզ պատգամավորական հարցում ուղարկել՝ ինչո՞ւ ընթացք չի տրվել այդ գործերին։ Ես պահանջում եմ, որ ընթացք տրվի այս գործերին, թող մեղավորը պատասխան տա՝ կամ Մհեր Տերտերյանը, կամ տիկին Նաիրա Տերտերյանը, եթե սխալ մեկնություն է արել...»։
Արմենուհի Կյուրեղյանը դեռ չէր ավարտել ելույթը, երբ ժամանակը լրանալու պատճառով անջատեցին նրա բարձրախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունն առկա սպառնալիքների հաղթահարելուն ուղղված կամք և ցանկություն չունի. Տիգրան Աբրահամյան
- 1992-ին ձախ կողմի այս ճահիճը չկար, ականջներիդ օղ արեք՝ վատ է վերջանալու. Աղվան Վարդանյան
- Թադևոս Ավետիսյան. Մոտ ապագայում ունենալու ենք տնտեսական անկում՝ բոլոր սոցիալական հետևանքներով
- Գեղամ Նազարյանի հուսահատ կոչը ՔՊ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին