Տվել են կամիկաձեի դեր, թող յոլա տանի էլի. Գեղամ Մանուկյանը՝ Վահագն Ալեքսանյանի մասին
«Այնքան դժվար է 9 տարեկանում Քիվեստի մասին կարդացած մարդուն ինչ-որ փաստարկներ բերել»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով իրենից առաջ ամբիոնի մոտից ելույթ ունեցած ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին։
Անդրադառնալով նրա մեկ այլ հայտարարության, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Բայրաքթարերի մասին էլ, որ խոսում են, անօդաչու մի տեսակ ինքնաթիռներ կան՝ կամիկաձե, հարվածում են, բայց իրենք էլ են պայթում։
Հիմա դերաբաշխում է, տվել են կամիկաձեի դեր, թող յոլա տանի էլի»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ՀՀ լրացումներ կատարել ՀՀ Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքերում։ Առաջարկում են քրեականացնել ՀՀ տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ՀՀ տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:
Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրականում այս նախագիծը մի քիչ խելագարության կանխավարկածից է, թե կարող է պատահել Հայաստանում որևէ մեկը մեր տարածքային ամբողջականության, ինքնաիշխանության դեմ հարապարակային արտահայություն անի, ելույթ ունենա։
«Կա մի ձևակերպում՝ օվերտոնի պատուհան, երբ որ անընդունելի գաղափարը սկսում է քննարկվել, քննարկվել, ավելի է տարածվում ու վերջում դառնում է հանրային տրամադրություն։
Մի քանի տարի առաջ թերևս կարելի էր ասել իմաստ չկա այս նախագծին, բայց օվերտոնի պատուհանով այլևս Հայաստանում ազատ քննարկման, հայտարարությունների առարկա է դարձել Արցախի անկախության հարցը։
Երեք տարի առաջ, սիրելի հայրենակիցները, կմտածեի՞նք, որ ԱԺ դահլիճից ԱԺ պատգամավորն իրեն կարող է թույլ տալ կասկածի տակ դնել Արցախի ինքնիշխանությունը, իրեն թույլ տա ամենավերջին թրքաբար ձևով արցախցուն վիրավորել։
Սիրելի տավուշցի հայրենակիցները, կարո՞ղ էիք պատկերացնել, որ գալու է մի օր, որ ԱԺ պատգամավորները փորձելու էին ինչ-որ հիմնավորումներ բերել, որ այս կամ այն Տավուշի գյուղում ադրբեջանցիներ են և ադրբեջանական է։ Այս ամենի համար է այս օրենքը։
Խելագարության կանխավարկածով, բայց ամեն ինչ այլևս մեր երկրում տեսել ենք։
Վաղը վտանգվելու է նույն մեր տարածքային ամբողջականությունը, քանի որ այս բոլոր փաստերը գալիս են ասելու՝ քանի այս քաղաքական մեծամասնությունը կա, ամեն ինչ սպասելի է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Մինչ այդ Վ.Ալեքսանյանն ասել էր. «Այսօր մի քաղաքական ուժ, որի առաջնորդը միակն է ՀՀ պատմության ղեկավարներից, ով 2002 թվականին Քիվեստում հարցականի տակ է դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ առաջարկելով Ադրբեջանի նախագահին փոխանակել Մեղրին ու Արցախը»։
Ընդդիմադիրները տեղից գոռացել էին՝ «սուտ է»։
Այնուհետև ՔՊ-ականը շարունակել է. «Պատերազմը մեր պատկերացմամբ ողբերգություն է, իսկ ոմանց համար ընդամենը լավ վիդեո մատերիալ է, որպեսզի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակների ժամանակ բայրաքթարից նկարահանված կադրեր ցույց տան, թե ոնց են սպանվում մեր զինվորները: Պատերազմը ձեզ համար ընդամենը սպանության վիդեո-արխիվ է, որից դուք կփորձեք դարձնել քաղաքական դիվիդենտ: Դուք բայրաքթարի ամբասադորներն եք Հայաստանում, որովհետև ձեր քաղաքական ուժը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայկական հեռուստաընկերություններով եթեր է հեռարձակել թուրքական բայրաքթարից նկարահանված կադրեր, այդքանից հետո եկել մեզ ինչ–որ բա՞ն եք ուզում ապացուցել, մեզ հայրենասիրության դա՞ս եք զում տալ»։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիրներն առաջարկում են՝ քրեականացնել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված արտահայտությունները
- Ի պատասխան տարածաշրջանային սպառնալիքների, ՀՀ իշխանությունը գլխատեց Զինված ուժերի գլխավոր շտաբը. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան