Գեղամ Նազարյանի հուսահատ կոչը ՔՊ-ին
Խորհրդարանում հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խոսեց այսօր նույն դահլիճում, իր որակմամբ, հնչած ստի ու վիրավորանքի մասին։
«Իբր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր Մեղրին, ենթադրում եմ Մեղրու շրջանը, հանձնել Ադրբեջանին, փոխարենը վերցնել Արցախը։ Բազմիցս թե հրապարակային, թե գրավոր ձևով բացատրվեց, պարզաբանվեց, որ այդպիսի բան չի եղել։ Բայց հանրությանը թյուրիմացության մեջ գցելու ավանդույթի կողմնակիցները շարունակում են նույն գործելաոճը՝ հույս ունենալով, որ մեկ անգամ էլ սուտ, կեղծ ասելուց հետո Հայաստանի մի քանի միամիտ քաղաքացիներ էլ իրենց կհավատան»,-ասաց Նազարյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ սուտ հայտարարություն անող օրենսդիրը գնաց ավելի հեռուն, մտածեց իր վարկանիշը համքաղաքացու մոտ բարձրացնելու համար լավ կլինի վիրավորել ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներին՝ նրանց անվանելով թուրքական բայրաքթարների դեսպաններ։
«Նա լավ գիտեր, թե ովքեր են նստած այնտեղ։ Լավ գիտեր բոլորի կենսագրությունը, և չգիտես ինչի, նայելով մեր խմբակցության կողմը կարող էր ասել՝ Աբգարի հայրը բայրաքթարի դեսպան է։ Այդ հայտարարությունից հետո նա կրկին մտնելու է ԱԺ՝ հայ ժողովրդին, ընդդիմությանը բարոյականության դասեր տալու»,-ասաց նա։
Նա հուսահատ կոչ արեց «Քաղաքացիական պայմանագրին» որոշակի դաստիարակաչական աշխատանքներ տանել պատգամավորների հետ՝ բացատրելով ի՞նչ կարելի է ասել, ինչ՝ ոչ։
«Կարող եք քննադատել, մանրանալ, անցյալը փորփրել, դա ձեր իրավունքն է, բայց վիրավորել այն էլ այդ ձևով, այդ կերպ ընդունելի չի, հանդուրժելի չի։ Նման հայտարարություններով մենք միայն ուրախացնում ենք մեր թշնամիներին՝ ոչինչ չտալով մեր հայրենիքին»,-ասաց նա։
Նշենք, որ այսօր ԱԺ-ում ընդդիմադիրներին թուրքական բայրաքթարների «ամբասադոր» որակեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։ Նա էլ ծնվել է Իջևան քաղաքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան