Թադևոս Ավետիսյան. Մոտ ապագայում ունենալու ենք տնտեսական անկում՝ բոլոր սոցիալական հետևանքներով
Տնտեսական ճգնաժամերին ու դրանց հետևանքներին ԱԺ-ում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։ Օրենսդիր մարմնի ամբիոնից նա խոսեց որպես սովորական քաղաքացի։
«Իշխանությունը ձևակերպում է մեղավորներ, հետո ինչ էլ լինում է, փորձում է բարդել այդ իրողությունների վրա։ Հիշեք Քովիդ 19-ը։ Դրա դեմ պայքարը լիարժեք ձախողված էր, և այն, ինչ կարող էր համավարակը բերել մեր երկրի գլխին, բերեց՝ տնտեսական կրկնակի անկում, սոցիալական խնդիրների սրացում, աշխատատեղերի կրճատում, գործազրկության աճ, պետական պարտքի աճ երկնիշ թվերով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով, չնայած 2021-ը տուրբուլենտությունից զուրկ տարի էր, սակայն տնտեսական աճ չեղավ, տնտեսության հյուծումն էլ շարունակվում է։
«Դա է նաև պատճառը, որ չկարողացան 2022-ին գնաճին համապատասխան բարձրացնել անապահով ընտանիքների սոցիալական նվազագույն աջակցությունը, որը տալիս է պետությունը, չբարձրացավ նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակի հիմնական չափը։ Վստահաբար եմ ձեզ ասում, մոտ ապագայում ունենալու ենք տնտեսական անկում բոլոր սոցիալական հետևանքներով, և այս անգամ էլ նոր մեղավոր կա՝ ռուս-ուկրաինական պատերազմը, բա մենք ի՞նչ անենք»,-ելույթն ամփոփեց Ավետիսյանը։