Եթե ձեր ու նախկինների մեջ որևէ տարբերություն չկա, այս ժողովրդին ինչո՞ւ խաբեցիք ու եկաք իշխանության. Իշխան Սաղաթելյան
«Երբեք փորձ մի արեք ձեզ համեմատել այն պետական գործիչների հետ, ովքեր քաոսից, զրոյից պետություն են ստեղծել»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ամբիոնից ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ խոսքն ուղղելով ՔՊ-ական պատգամավորներին։
Նա նշեց, որ աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում, երբ Հայաստանը կանգնած է բազմաթիվ լուրջ մարտահրավերների առջև, երկրի իշխանության ղեկին հայտնված մի խումբ շարունակում է անցյալի ու ներկայի պատմությունը խեղաթյուրելով, նախկին ու ներկա անելով երկիրը տանել դեպի անդունդ։
«Ասում եք՝ «ապագա կա», բայց այդ ապագան զիջումով է։ Մենք ասում ենք՝ ապագա չկա զիջումով։ Խաղաղության անվան տակ երկիրը փորձում եք տանել նոր զիջումների։ Դուք ոչ թե խաղաղության դարաշրջան եք բացելու, այլ դժոխքի, քաոսի ու նոր կորուստների դարաշրջան։ Այս ամեն ինչը դուք փորձում եք ներկայացնել նախկինների ու ներկաների կռիվ։
4 տարի է այս ժողովրդին այդ օրակարգով կերակրկել եք ձեր իշխանությունը պահելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ այստեղ նախկինի ու ներկայի հարց չկա։
«Ապագա կա կարգախոսով եկել եք իշխանության, մնացել եք անցյալում։ Հիմա էլ գնացիք 100 տարի առաջ, ասել եմ՝ գնալու եք մինչև Տրդատ Մեծ։
Հասկացեք՝ դուք գործ ունեք 5000-ամյա ժողովրդի ճակատագրի հետ, հերիք է խեղաթյուրեք դեպքերն ու իրադարձությունները, հասկացեք ձեր պատասխանատվության չափը։ Դուք չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու ու այս ամեն ինչը նախկինների վրա բարդելու»,- ասաց ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը։
Նա նշեց, որ ընդդիմությունն ասում է՝ իշխանությունը երկիրը տանում է անդունդը, քննադատում է բոլոր ոլորտներում իշխանության հետևողական սխալներն ու բացթողումները, իսկ իշխանավորներն ասում են՝ նախկիններն են մեղավոր։
«Ասում ենք պետական պարտքը 2,5 միլիարդով ավելացրել եք, շուրջ 35 տոկոս, ասում եք՝ նախկինում էլ էր այդպես։ Ասում ենք մեկ աղբյուրից գնումները շարունակվում են, կան կոռուպցիոն ռիսկերը, ասում եք՝ նախկինում էլ էր այդպես։ Ասում ենք Արցախի 75 տոկոսը ձեր իշխանության ժամանակ կորցրել ենք, ասում եք նախկիններն են տվել 2010 թվականին, հիմա էլ ասում եք 1992 թվականին ենք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Ինչքա՞ն կարելի է ներկա ու նախկին։ Եթե ձեր ու նախկինների մեջ որևէ տարբերություն չկա, այս ժողովրդին ինչո՞ւ խաբեցիք ու եկաք իշխանության, որ Արցախը կորցնենք։ Հերիք է, հասկացեք ձեր պատասխանատվության չափը, ուշքի եկեք։ Այն ճանապարհը, որ ընտրել եք, դա այս երկրի կործանման ճանապարհն է, խաղաղության դարաշրջան չէ։ Նորից եմ կրկնում՝ դուք ժողովրդի կողմից մանդատ չունեք երկիրը նոր զիջումների տանելու»,- իր ելույթում ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմենուհի Կյուրեղյանի՝ Թումանյանի քառյակից մեջբերումից վիրավորվեցին ՔՊ-ականները
- Իշխանությունն առկա սպառնալիքների հաղթահարելուն ուղղված կամք և ցանկություն չունի. Տիգրան Աբրահամյան
- 1992-ին ձախ կողմի այս ճահիճը չկար, ականջներիդ օղ արեք՝ վատ է վերջանալու. Աղվան Վարդանյան
- Կառավարությունն իր աշխատելաոճով դառնում է խուճապի պատճառ. Արեգնազ Մանուկյան
- Գեղամ Նազարյանի հուսահատ կոչը ՔՊ-ին
- Այս տեմպերով 1700 տարի կարող եք հետ գնալ ու ասել՝ Քրիստոնեությունը պետական կրոն չլիներ, ուրիշ կլիներ ու թուրքերի հետ եղբայրություն կանեինք. Սաղաթելյանը՝ ՔՊ-ականներին