ՔՊ-ական որոշ պատգամավորներ հանդես են գալիս Հայաստան-Արցախ դավաճանական հռետորաբանությամբ. Գալստյան
«Մարտի 10-ին Եվրամիության խորհրդարանը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» հայտնի բանաձևը: Ցավոք, այդ օրերին հայկական քաղաքական դիսկուրսում աղն ու աղաման ավելի շատ շրջանառվեցին, քան Եվրոպական այս կարևորագույն կառույցի կողմից ընդունված բանաձևը»,- Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, որ բանաձևը մասնավորապես հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումն իրականացվում է ոչ միայն այն ոչնչացնելու, այլև պատմության կեղծման և վերջիններիս «ալբանացման» նպատակով:
Լ.Գալստյանն ասաց, որ բազմաթիվ հաստատումների կողքին ներկայացնում է իր կարծիքով հատկապես երկու կարևորագույնները. «Բանաձևի երկրորդ կետով մասնավորապես արձանագրվեց Armenophobia/Արմենոֆոբիա եզրույթը և ամրագրվեց, որ Ադրբեջանական իշխանությունների կողմից խրախուսվում են և համակարգային բնույթ են կրում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, հայատյացությունը, հակահումանիզմը,Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջները:
Տասներորդ կետով Եվրոպական պառլամենտը նույնքան կարևոր հաստատում արեց՝ կոչ անելով Ադրբեջանին զսպել Հայաստանի նկատմամբ իր մաքսիմալիստական՝ տարածքային և ռազմական նկրտումները, և ներգրավվել և աջակցել ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցման աշխատանքներին»:
Պատգամավորի խոսքով, թվում էր, թե ՀՀ իշխանությունները պետք է անխուսափելիորեն կապիտալիզացնեին Եվրոպական հանրույթի այս աննախադեպ ամրագրումները, բայց՝ ոչ:
«Ճիշտ այդ օրերին ՔՊ-ական որոշ պատգամավորներ հանդես են գալիս Հայաստան-Արցախ, իմ կարծիքով, հակապետական և դավաճանական հռետորաբանությամբ, ոմանք էլ կասկածի տակ են դնում մեր պատմական և քաղաքական իրավունքները:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից մարտի 10-ին հանրայնացված հինգ կետերից հետո ԱԳՆ-ն դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ: Ավելին՝ նախարարը բառի խորը գիտակցությամբ հայտարարում է, որ ադրբեջանական առաջարկներում Հայաստանի համար մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա:
Մինչդեռ այդ հինգ առաջարկներն ըստ էության բխում են սոսկ Ադրբեջանի շահերից՝ առանցքում ունենալով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասաց Լ. Գալստյանը։
Նա հիշեցրեց, որ ճիշտ սրան զուգահեռ թե Հայաստանի, թե Արցախի սահմանին շարունակվում է ռազմական ինտերվենցիան, Արցախում հումանիտար աղետը, սահմանին՝ զոհերը, իսկ մեր պաշտոնական դիսկուրսում ոչ մի խոսք թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործությունների կամ դրանց ապացուցողական բազայի մասին:
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց նաև՝ միջազգային իրավունքի ուժի մասին Վիենայի 1964 թ. կոնվենցիան հստակ սահմանում է՝ չի կարելի ռազմական ինտերվենցիայի սպառնալիքի ներքո պետությանը պարտադրել որևի փաստաթղթի ստորագրում:
«Մուրալով խաղաղություն՝ առանց թուրք-ադրբեջանական ագրեսիային գնահատական տալու, առանց նրանց միջազգային պատասխանատվության, առանց քաղաքական և միջազգային գնահատականի, առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, նշանակում է լեգիտիմացնել թուրք-ադրբեջանական ցեղասպանական նկրտումները»,- ասաց Լիլիթ Գալստյանը՝ ելույթն ավարտելով Գոլդա Մեիրի խոսքով՝ «չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ձեր ու նախկինների մեջ որևէ տարբերություն չկա, այս ժողովրդին ինչո՞ւ խաբեցիք ու եկաք իշխանության. Իշխան Սաղաթելյան
- Արմենուհի Կյուրեղյանի՝ Թումանյանի քառյակից մեջբերումից վիրավորվեցին ՔՊ-ականները
- Իշխանությունն առկա սպառնալիքների հաղթահարելուն ուղղված կամք և ցանկություն չունի. Տիգրան Աբրահամյան
- 1992-ին ձախ կողմի այս ճահիճը չկար, ականջներիդ օղ արեք՝ վատ է վերջանալու. Աղվան Վարդանյան
- Կառավարությունն իր աշխատելաոճով դառնում է խուճապի պատճառ. Արեգնազ Մանուկյան
- Թադևոս Ավետիսյան. Մոտ ապագայում ունենալու ենք տնտեսական անկում՝ բոլոր սոցիալական հետևանքներով
- Գեղամ Նազարյանի հուսահատ կոչը ՔՊ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին