Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հյուսիս-Հարավ միջանցքից
Մոսկվայում օրեր առաջ հանդիպել էին Ռուսաստանի էներգետիկայի և Իրանի նավթի նախարարները, որի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև «Հյուսիս-Հարավ»էներգետիկ միջանցքի հեռանկարներին՝ Ադրբեջան-Իրան-Ռուսաստան ձևաչափով։
Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, չի քննարկվել այդ նախագծում Հայաստանի մասնակցության մասին, մինչդեռ դեռևս 2016 թվականին Իրանը, Ռուսաստանը, Հայաստանն ու Վրաստանը կնքել էին միջպետական պայմանագիր «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման վերաբերյալ։
Էներգետիկ աշխարհաքաղաքականության և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնեց՝ հիշեցնելով, որ երբ 2016 թվականին Իրանը, Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը կնքեցին միջպետական պայմանագիր, որով հաստատվեց չորս երկրները կապող «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման ճանապարհային քարտեզը, դրա շուրջ սկսեցին ակտիվ աշխատանքներ իրականացնել։
Մասնավորապես, նախագծով ենթադրվում էր կառուցել Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծերը, որը պետք է շահագործման հանձնվեր մինչև 2019-ը։ Սա, ըստ փորձագետի, հնարավորություն կտար դեպի Վրաստան և Իրան էներգիայի արտահանումը եռապատկել։
«Սակայն 2018 թ-ի, այսպես կոչված, հեղափոխությունից հետո, այդ ծրագրերը դադարել են գործել։ Ավելին՝ Էներգետիկայի նախարարությունն այլևս չկա, հետևաբար, այս ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում։ Եւ բնական է, որ Ադրբեջանը վերցրել է նախաձեռնությունն իր ձեռքը և ինքն է փորձում դա իրականացնել»,- ասաց Արմեն Մանվելյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից էներգետիկ ոլորտի ձախողման պատճառն առաջին հերթին գործող իշխանություններն են, նրանց սխալները, քանի որ լավ չեն պատկերացնում, թե որն է պետական, ազգային շահը։
«Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Նույնիսկ այն նախաձեռնությունները, որոնք մերն էին, որոնց համար պետք է պայքարեինք, թողել ենք բարձիթողի վիճակում և հիմա մեր թշնամիներն այս ամենը վերցնում են իրենց ձեռքը և իրենք են տիրապետում իրավիճակին, արագ մեր տեղը զբաղեցնում են։ Ցավոք սրտի, սա փաստ է։ Քանի դեռ այս մարդիկ իշխանության են, ապա մենք լուրջ նախագծերից դուրս ենք մնալու», - նշեց Արմեն Մանվելյանը։
Ըստ նրա՝ պետք է հստակ ասել, որ ոչ թե Իրանն ու Ռուսաստանն են այս նախագծից դուրս թողել Հայաստանին, այլ մեր սխալ քաղաքականության արդյունքում ինքներս ենք մեզ դուրս թողել։ «Երբ մեր պարտավորությունները չենք կատարում, ապա ավտոմատ կերպով դուրս ենք մնում նման լայնածավալ նախագծերից»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան