Իշխանությունն առկա սպառնալիքների հաղթահարելուն ուղղված կամք և ցանկություն չունի. Տիգրան Աբրահամյան
«Խորհրդարանում կայացած հրատապ քննարկման ժամանակ, որի թեման Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու առկա խնդիրների արագ լուծումներն էին, ըստ էության, իրենց նպատակին չծառայեցին»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրը ոչ թե դրան հետևած հայտարարության՝ իշխանության կողմից տապալումն էր, այլ այն, որ, չնայած հաստատելով ճգնաժամի փաստը, կառավարությունը չներկայացրեց գործողությունների և միջոցառումների ծրագիրը, որը պետք է ուղղված լիներ արցախցիների խնդիրների թեթևացմանը կամ չեզոքացմանը:
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ ստեղծվել է իրավիճակ, երբ Ադրբեջանը փորձում է մեծացնել ոչ միայն Արցախի և Հայաստանի դեմ ուղղված ճնշումները, այլ Արցախը տանել հայաթափման ճանապարհով, իսկ այն անում է կամ տարատեսակ ճգնաժամեր հրահրելով, կամ ահաբեկչական գործողությունների միջոցով:
«Անկախ այն հանգամանքից, թե բանակցություններն այս կամ հաջորդող այլ փուլերում ինչ ընթացք կստանան, Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է գիտակցի, որ Արցախի անվանգությունն ու արցախցիների բնականոն կյանքի ապահովումն իր առաջին առաքելությունն է»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և հիմնավորեց, որ Արցախի անվտանգության ապահովումն ուղիղ կապ ունի Հայաստանի պաշտպանողականության և կենսաապահովման հետ և ցանկացած գործընթաց, որը թիրախավորում է Արցախը, կամ նրան խոցելի է դարձնում, ուղիղ ազդում է Հայաստանի և նրա քաղաքացիների կյանքի և անվտանգության վրա:
Հայտարարելով, որ Արցախում ապրողները պատրաստ են դժվարությւոնների և բարդությունների հաղթահարմանը, և այսօր այնտեղ կատարվողը նմանատիպ առաջին իրավիճակը չէ՝ Աբրահամյանն ասաց, որ արցախցին պետք է համոզված լինի, որ իր թիկունքում Հայաստանն ու հայ ժողովուրդն է:
«Հայաստանի կառավարության այսօրվա պահվածքը, անկարողությունը, անտարբերությունը, իրավիճակին համահունչ արձագանքելու բացակայությունը, ցավոք, հուշում է, որ իշխանությունը ոչ միայն իրավիճակին հրատապ արձագանքելու քայլեր չի ձեռնարկում, այլ տարբեր ժամանակային կտրվածքով առկա սպառնալիքների հաղթահարելուն ուղղված լուրջ միջոցառումներ իրականացնելու կամք և ցանկություն չունի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան