Չեմ հասկանում, թե արտահանման ոլորտում ինչո՞ւ ենք միայն ՓՄՁ-ներին արտոնություն տալիս. Արթուր Խաչատրյան
«Ուզում եմ հասկանալ, թե այս օրենսդրական նախաձեռնությամբ լավ գաղափարի ո՞ր խնդիրն ենք ուզում լուծենք: Եթե փորձում ենք խթանենք արտահանումը, ապա ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ ենք միայն փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) վրա սահմանափակվում»,- ելույթ ունենալով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նախագիծը զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն մինչ այդ հայտնեց, որ առաջարկվում է մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի սահմանով արտահանվող ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն դրամը չգերազանցող ապրանքի համար մաքսատուրք չվճարել:
Արթուր Խաչատրյանը հայտարարեց, թե եթե նախագծով արտահանումն է խթանվում, ապա պետք է բոլոր տնտեսվարողների վրա տարածեն արտոնությունը, ոչ թե միայն ՓՄՁ-ների:
«Ես ջահել տարիներիցս մի ֆիլմ եմ հիշում՝ «Կոկորդիլոս անունով Դենդին», որի հերոսուհու հայրը թերթ էր վաճառում, հետո երբ Կոկորդիլոսը գնում է Ամերիկա և տեսնում հերոսուհու հոր հսկայական դղյակը, հարցնում է, թե բա նա ասում էր, որ հայրը թերթ է վաճառում, հերոսուհին էլ պատասխանել է՝ հա, բայց շատ թերթ է վաճառում»,- հիշեց Արթուր Խաչատրյանը և, բացատրելով օրինակն, ասաց, որ տնտեսվարողը կարող է ուղղակի արտահանման 1 մլն դրամը գերազանցող գործարքները մասնատել փոքր արժողությամբ մասերի և ազատվել մաքսատուրքից:
Արթուր Խաչատրյանն առաջարկեց, որ ոչ թե այդ ճանապարհով գնալ, այլ սահմանեն արտահանման մի շեմ, և եթե ընկերությունները գերեզանցեն այն, այդ դեպքում նոր վճարեն մաքսային տուրքերը:
Արթուր Խաչատրյանը Էկոնոմիկայի նախարարին հարցրեց, թե գործադիրը ինչո՞ւ է միայն փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցում և ինչո՞ւ է սահմանվել 1 մլն դրամի շեմը, և՝ ոչ ավելին:
Վահան Քերոբյանն իր ամփոփիչ ելույթում հավաստիացրեց, որ միայն փոքր և միջին ձեռներեցների համար չէ օրենքի նախագիծը, այլ նաև խոշոր արտահանողներին է ընդգրկում՝ չնայած նախագծի հիմնավորման մեջ վերջիններիս չեն հիշատակել:
Հարակից հրապարակումներ`
- 1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանման համար չվճարել պետական տուրք․ Քերոբյան
- Գործադիրը 1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանումն ազատեց մաքսատուրքից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում