ԱԺ-ն քննարկում է «Երևանի ավտոբուսների ծրագրի» շրջանակներում 20 մլն եվրո վարկ վերցնելու համաձայնագիրը
«Համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորման չափը կազմում է 20 մլն եվրո, իսկ վարկի ժամկետը 15 տարի է»,-զեկուցելով ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը՝ խորհրդարանում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել և Երևանի քաղաքապետարանին է տրամադրվել Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որի համաձայն՝ երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ:
«Նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը Երևանի քաղաքապետարանը դեռևս 2019թ. գարնանը քննարկել է ՎԶԵԲ-ի հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ավտոբուսների ձեռքբերմանը՝ համապատասխան սուվերեն վարկային պայմանագրի շրջանակներում: Նախնական գնահատմամբ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո»,-տեղեկացրեց փոխնախարարը:
Սիմոնյանը հայտնեց, որ հիմք ընդունելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձեռք բերված նախնական համաձայնությունը ավտոբուսների ձեռքբերման առաջին փուլի ֆինանսավորման համար (25 մլն եվրո, որից 20 մլն եվրո ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ) և տրանսպորտային բարեփոխումների անհետաձգելիությունը՝ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակներում 2021թ. փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման երկփուլային մրցույթ՝ շուրջ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով:
Նրա տեղեկացմամբ՝ մրցութային հայտերի հանձնման վերջնաժամկետը սահմանված է եղել 2021թ. մարտի 31-ը և ստացված առաջարկները գտնվում են գնահատման փուլում:
«Հաշվի առնելով Երևան քաղաքում գործող տրանսպորտային ցանցի բարելավման առաջնահերթությունը և Երևան համայնքի քաղաքացիների անվտանգ ուղևորափոխադրումները՝ կարևորում ենք Համաձայնագրի վավերացումը»,-ասաց Արմեն Սիմոնյանը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար կարող է առաջացնել լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին