Պետք է վերանայվի 120 օրից հետո անաշխատունակ աշխատակցին աշխատանքից ազատելու գործատուի իրավունքի դրույթը. Թադևոս Ավետիսյան
ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը, որը զեկուցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխատանքային օրերի հաշվարկը և ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ:
Դավիթ Խաչատրյանն ասաց՝ օրենքի նախագծով ֆիքսում են, որ անաշխատունակության մեջ գտնվելը և նպաստ ստանալը այլևս չի կապվում հաշմանդամության խումբ ձեռք բերելու բժշկասոցիալական փորձաքննության 3 ամսվա գործընթացների հետ։
«Հաշմանդամության ժամկետները և անաշխատունակության ժամկետներն իրարից առանձնացվում են»,- ասաց փոխնախարարը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ Աշխատանքային օրենսգրքով սահմանված է՝ գործատուն իրավունք ուի 120 օրից ավելի անաշխատունակ լինելու դեպքում աշխատողին ազատել աշխատանքից, իսկ քննարկվող կարգավորմամբ աշխատողը կարող է այդ ժամանակահատվածից ավելի անաշխատունակության վիճակում գտնվել, քանի որ բժշկական փորձաքննության ենթարկվելու համար սահմանված 3 ամսվա սահմանափակումը հանվում է:
Պատգամավորի խոսքով՝ այդ դեպքում խնդիրներ են առաջանում գործատու-աշխատող հարաբերություններում, քանի որ աշխատողն արդեն իրավունք ունի 120 օրից ավելի գտնվել անաշխատունակության մեջ, բայց գործատուն գործող օրենքով կարող է 120 օրը լրանալու դեպքում նրան փաստացի ազատել աշխատանքից և աշխատողը ոչ միայն կկորցնի աշխատանքը, այլև չի ստանա անաշխատունակության նպաստը:
Պատգամավորն առաջարկեց առաջինց երկրորդ ընթերցում լուծել այդ խնդիրը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ընդունեց, որ 120 օր անաշխատունակության մեջ գտնվողին գործատուն կարող է ազատել աշխատանքից, իսկ նախագծով առաջարկվում է, որ 180 օր անաշխատունակության մեջ գտնվողը կարող է ստանալ անաշխատունակության նպաստ:
«Այո, կա այդ օրերի տարբերությունը, ես չգիտեմ, թե ինչու է այն ժամանակին 120 օր ֆիքսվել, բայց եկեք արձանագրենք, որ այդ խնդիրը բուն նախագծի հետ ուղիղ առնչություն չունի»,- արձագանքեց Դավիթ Խաչատրյանը և հավելեց, որ առաջիկայում Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների փաթեթում քննարկման առարկա են ուզում դարձնել այդ հարցը:
Չհամաձայնելով փոխնախարարի հետ, որ իր բարձրացրած հարցը քննարկվող նախագծի հետ կապ չունի՝ Թադևոս Ավետիսյանն ասաց. «Գործող օրենքով անաշխատունակության ժամանակահատվածը մինչև 3 ամիս տևողությամբ կարող է լինել, որը պետք է աշխատողին փորձաքննվելու համար, որպեսզի ստանա հաշմանդամության կարգ, կամ փոխվի այդ կարգը, բայց երեք ամիսը 90 օր է և ավելի քիչ է, քան Աշխատանքային օրենսգրքով սահմանված 120 օրը և հիմա ձեր բերած նախագծով 3 ամսվա սահմանափակումը հանվում է, և մարդը կարող է օրինակ 135 օր գտնվի անաշխատունակության մեջ և կապ չունի, թե այդ ընթացքում կփորձաքննվի թե ոչ, իսկ գործատուն կարող է 120 օրից ազատել նրան աշխատանքից»:
Պատգամավորը պնդեց, որ 120 օրվա շեմը պետք է հենց քննարկվող նախագծի հետ վերանայել և առաջարկեց չսպասել անորոշ ժամկետով, որպեսզի նոր օրենսդրական փաթեթ մշակվի, այլ կարելի է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ նրան միացնել նաև Աշխատանքային օրենսգրքի համապատասխան փոփոխությունը:
Խաչատրյանն ընդունեց, որ կարելի է առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ դիտարկել պատգամավորի առաջարկը՝ հնարավոր համարելով, որ նման առաջարկ լինի նաև կառավարությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան