Առանձին դեղամիջոցների մանրածախ գներն աճել են, թեպետ՝ մեծածախ գները նվազում են. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է «Դեղերի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները», որն ընդգրկում է 2019-2020 թվականներին սրտային հիվանդությունների ժամանակ օգտագործվող վազոդիլացնող և այլ դեղամիջոցների շրջանառությունը:
Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ դիտարկվող ժամանակահատվածում նշված դեղամիջոցների արտադրություն ՀՀ-ում չի իրականացվել, ներմուծում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների թիվն ավելացել է՝ 22-ից հասնելով 29-ի:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019 և 2020 թվականներին ուսումնասիրվող դեղամիջոցներն առավել շատ ներկրվել են Ֆրանսիայից և 2020 թ.-ին 2019 թ.ի համեմատ ուսումնասիրվող ապրանքային շուկաներում առավել խոշոր տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները նվազել են, ինչը խոսում է մրցակցային միջավայրի բարելավման մասին, այդ մասին է փաստում նաև առանձին դեղամիջոցների վերաբերյալ վերլուծությունը:
Ըստ հրապարակված արդյունքների՝ որոշ դեպքերում առանձին դեղամիջոցների մանրածախ իրացման գներն աճել են, անկախ այն հանգամանքից, որ տեղի է ունեցել մեծածախ իրացման միջին գների նվազում և այդ դեղերի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ իրացման գները 2020 թվականին 2019 թվականի համեմատ հիմնականում աճել են:
Հանձնաժողովի եզրահանգմամբ՝ կենսականորեն բարձր նշանակություն ունեցող դեղամիջոցների մանրածախ իրացման գների նվազման տեսանկյունից դրական ազդեցություն կարող է ունենալ գնային կարգավորման քաղաքականության կիրառումը: