Ռուսաստանի գործողությունների դեմ ՆԱՏՕ-ի քայլերը` ըստ փորձագետների
«Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսված ներխուժման արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվն աճում է օրեցօր: Եթե սպանությունները շարունակվեն, Արևմուտքը բարոյական պարտավորություն կունենա ներգրավվելու», ըստ Ամերիկայի ձայնի, ասում է ՆԱՏՕ-ի քաղաքականության մշակման հարցերով նախկին ղեկավար Ֆաբրիս Փոթիերը:
«Մենք կարող էինք կանխե լ այդ ջարդը, եթե ՆԱՏՕ-ն պատրաստ լիներ իրականում մի փոքր ավելի մեծ ռիսկի դիմել», ասում է նա: Փոթիերն ասում է, որ ՆԱՏՕ-ն կարող է արդյունավետորեն շրջափակել Ռուսաստանը:
«Մենք պետք է մեծացնեինք մեր վերահսկողության ծավալները դեպի Բալթիկ և Սև ծովեր տանող ուղիներում: Ռուսական առևտրի 70 տոկոսն անցնում է Բալթյան ծովով: Ակնհայտ է, որ նրանք դա հեշտությամբ թույլ չէին տա, բայց ես կարծում եմ, որ մենք ունենք դրա հնարավորությունները», ասում է փորձագետը, ում խոսքերով, ՆԱՏՕ-ն պետք է Ռուսաստանի հետ խաղա խաղի իր սեփական կանոններով:
Նրա խոսքերով, ավելին է հնարավոր անել կիբեր-գործողությունների առումով: ‘’Հիբրիդային տիպի պատերազմին Պուտինը պատրաստվել է մի քանի տարի: Սակայն իրականում մենք այս բնագավառում ունենք պուտինյան պատերազմի մեքենան խաթարելու համար անհրաժեշտ միջոցներ ու կարողություններ’’, ասում է նա:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթ հայտարարեց Ուկրաինային անվտանգության համար լրացուցիչ 800 միլիոն դոլարի օժանդակություն, այդ թվում «Սթինգեր» տիպի հակաօդային համակարգեր և ռազմական անօդաչու սարքեր տրամադրելու մասին:
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քուրթ Վոլքերը, որը մինչև 2019 թվականը Ուկրաինայի հարցով բանակցություններում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչն էր, ասում է, որ ավելի շատ զենք է անհրաժեշտ առաքել`ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք գործում են ավելի մեծ բարձրությունների վրա: ‘’Ավելի շատ ափից նավ տիպի համակարգեր՝ Սև ծովում ռուսական ռազմածովային ուժերին պատկանող որոշ նավերի այստեղից դուրս բերելու համար: Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքում թռիչքազերծ գոտի հայտարարելուն, հասկանում եմ դրա դեմ փաստարկները, բայց կարծում եմ, որ պետք չէ այն հանել սեղանից’’, ասում է նա։
Վոլքերն ասում է, որ Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարումը բարելավված համակարգման կարիք ունի:
Արևմտյան առաջնորդները մտավախություն ունեն, որ ցանկացած էսկալացիա կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ուժերի միջև ուղիղ առճակատման և միջուկային զենք կրող տերությունների միջև հակամարտության: Սակայն ոմանք պնդում են, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի մեծ ռիսկի դիմի հիմա, քանի որ կարող է կանգնել շատ ավելի մեծ սպառնալիքի առջեւ, եթե Ռուսաստանին հաջողվի զավթել Ուկրաինան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան