Բարձր տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածությունը բավականին մեծ է եվրոպական միջին ցուցանիշներից. Նարեկ Մկրտչյան
«ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով 66-րդ նստաշրջանի այս տարվա թեման «Կլիմայի փոփոխությունն ու այդ մարտահրավերներին կանանց դերակատարությունն էր, ինչպես նաև գյուղական համայնքներում ապրող կանանց ներգրավվածությունը և դերակատարությունը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով նստաշրջանին իր մասնակցության մանրամասները:
Նախարարը նշեց՝ ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովում, որի 44 անդամ երկրներից մեկը Հայաստանն է, քնարկվել են կանանց իրավունքներին, գենդերային հավասարությանը, կանանց առաջխաղացմանը, տնտեսական ակտիվացմանը վերաբերող հարցեր:
Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ անդրադարձել է ընտանեկան բռնության զոհ դարձածների աջակցության կենտրոնների աշխատանքին, որոնք գործում են Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում՝ տեղեկացնելով, որ այնտեղ բռնության ենթարկվածները ստանում են սոցիալական, հոգեբանական և իրավական ծառայություններ
«Նիստում տեղեկացրեցի, որ 2021 թվականին ավելի քան 1500 ընտանիք են այդ ծառայությունից օգտվել»,- ասաց նախարարը և հավելեց, որ այնտեղ ներկայացրել է նաև ՀՀ-ի ընդհանուր գենդերային քաղաքականությունը:
Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով 66-րդ նստաշրջանում ունեցած ելույթում ներկայացրել է նաև Հայաստանում գործող սոցիալական ապաստարարնների գործունեությունը, որտեղ վերոնշյալ աջակցությունները տրամադրելուց բացի, նաև բռնության ենթարկվածների երեխաներն են ապրում և հնարավորություն ունեն դասապատրաստման պրոցեսին մասնակցել:
Նախարարն ասաց, որ իր ելույթում որպես առավելություն ներկայացրել է Ընտրական օրենսգրքով ՀՀ խորհրդարանում կանանց ներկայության քվոտայի դրույթը:
«Մեր գործող խորհրդարանում կանանց 35% ներգրավումը բավականին լավ ընկալում ունի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածությունը, որը բավականին մեծ է եվրոպական միջին ցուցանիշներից»,- ասաց նախարարը: