Շուշեցի կին. ՄԱԿ-ի ներկայացուցիչները եկան հայաթափված Շուշի, բայց չեկան Ստեփանակերտ՝ տեսնելու, ինչ պայմաններում ենք ապրում
Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորման շենքի բակում այսօր բազմաթիվ արցախցիներ էին հավաքվել՝ մեծ մասամբ կանայք, երեխաներ, հիշեցնելու՝ «Արցախը մեր տունն է», «Մենք խաղաղություն ենք ուզում, «Ալիևն ահաբեկիչ է» ու միջազգային հանրությունից պահանջելու ճնշում Ալիևի հանցագործ ռեժիմի վրա։
Հիշեցնենք, որ «Արևիկ» բուժմիավորումն Արցախում գործող միակ մասնագիտացված մանկական բժշկական կազմակերպությունն է։
«Սուգը հավերժ է, երբ չկա պայքար։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները փորձում են նոր ցեղասպան ծրագիր իրականացնել։ Սա սոսկ հումնաիտար աղետ չէ»,-հավաքի ժամանակ հայտարարեց Ալյոնա Սարգսյանը, որը Շուշիից է։
Նա արցախցիներին համախմբվելու, համատեղ ուժերով պայքարելու կոչ արեց, զգուշացրեց, եթե այսօր լռեն, վաղը պատմության դասագրքերում նոր արյունալի էջեր են գրվելու։
«44-օրյա պատերազմի հետևանքով ես կորցրել եմ ամեն ինչ, անգամ հորս գերեզմանին այցելելու հնարավորությունը։ Այսօր այստեղ եմ, ապրում եմ Արացախում, ապրելու եմ միշտ, քանի որ Արցախն իմ տունն է։ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն օրեր առաջ այցելել են օկուպացված, հայաթափված Շուշի, բայց չեն այցելել Ստեփանակերտ՝ տեսնելու, թե ինչ պայմաններում ենք ապրում ու ստեղծագործում»,-ասաց ելույթ ունեցող կինը՝ նկատի ունենալով Ադրբեջանի պատճառով գազամատակարարման բացակայության հետևանքով առաջացած դժվարությունները։
Երեք անչափահաս երեխաների մայրը՝ արցախցի Ռոզան ելույթ ունեցավ անգլերենով, դիմեց միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին՝ հարցնելով, ինչո՞ւ են արցախցիների հիմնարար իրավունքներն անտեսվում, ինչո՞ւ է Արցախի ինքնիշխանության իրավունքը մերժվում 30 տարի շարունակ, ինչո՞ւ են հայ բնակչության նկատմամբ իրականացվում ցեսապան գործողություններ, ինչո՞ւ են ավերվում մեր մշակութային հուշարձանները, եկեղեցիները։
«Ալիևի ռեժիմը շարունակում է ավերել մեր մշակութային ժառանգությունը։ Մենք դիմում ենք միջազգային կառույցներին՝ ճնշում գործադրել Ադրբեջանի հանցագործ ռեժիմի վրա՝ ստիպելով նրանց դադարեցնել ահաբեկչական գործողությունները՝ ուղղված Արցախի բնակչության դեմ»,-ասաց արցախցի կինը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը պարզապես փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը. Փաշինյան
- Freedom House-ն Ադրբեջանից պահանջում է վերականգնել Արցախի գազամատակարարումը
- Արդեն պարզ չէ դրան ինչպես անվանել, վթար չի, ըստ երևույթին, վնասված կամ փակված. Միրզոյանը՝ Արցախում գազի դադարեցման մասին
- Արցախն առանց գազի
- Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը. Տեղեկատվական շտաբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին