Պապիկյանի նպատակն էր էմոցիոնալ ֆոնով թեման սվաղել և իրական տեղեկատվություն չփոխանցել. Տիգրան Աբրահամյան
«Երեկ Ազգային ժողովում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պահվածքը հատկապես կնոջ նկատմամբ, տգեղ էր, հատկապես, որ դիմացը Աննա Գրիգորյանն էր, ով իր մոտեցումներում, հայտարարություններում մշտապես բարձրության վրա է»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Ս. Պապիկյանի՝ Ներքին Հանդի վերաբերյալ հայտարարությանը։
Տ. Աբրահամյանի տպավորությամբ, Պապիկյանի նպատակն էր այդ պահին այդ էմոցիոնալ ֆոնով թեման սվաղել և ուղղակի իրական տեղեկատվություն չփոխանցել։
«Ինքս աշխատում եմ մշտապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվությամբ, բայց կան հանրային դեմքեր, փորձագետներ, ովքեր նաև քարտեզային ձևով են հրապարակումներ արել Ներքին Հանդում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որոնք փաստական առումով շատ ավելի մեծ վստահություն են առաջացնում, քան պաշտպանության նախարարության հայտարարությունները։
Ադրբեջանական ներխուժման վերաբերյալ փաստերը շատ ավելի համոզիչ են, քան այն տեղեկատվությունը, որը մեզ պաշտոնապես հրամցվում է»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Հիշեցնենք, որ երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Պապիկյանին հարցրել էր, թե ինչո՞ւ է հնարավոր եղել ադրբեջանցիների առաջխաղացումը ՀՀ սուվերեն տարածք Ներքին Հանդի ուղղությամբ, երբ ադրբեջանցիները նախորդ տարի դուրս էին եկել և հիմա են նոր վերադառնում, ինչո՞ւ այդ ընթացքում հայկական կողմն այդ դիրքերը չի զբաղեցրել, որը ենթադրում է առանց որևէ բախման այդ դիրքերի զբաղեցում, և երրորդ, ինչո՞ւ է ՀՀ քաղաքացին ինքը գնում և տեսնում, որ ադրբեջանցիներն են այնտեղ տեղակայված։
Սուրեն Պապիկյանն ասել էր, թե կարևոր է, որ բարձրաձայնված հարցերի մեջ սուտն ու մանիպուլյացիան քիչ լինեն։ «Իսկ ո՞վ է ասել, որ դրա մասին պաշտպանության նախարարությունը տեղյակ չէր կամ չենք տիրապետում մենք մեր սահմաններին կամ զբաղեցրած դիրքերին։ Հրապարակային պետք է ամեն ինչ խոսե՞նք, դա ձեր գործելաոճն է հրապարակայնացնել այն, ինչը կարիք չկա հրապարակայնացնելու։ Դա 5-րդ շարասյան գործն է՝ համոզել համայնքապետին՝ խոսել նրա մասին, որ համայնքը զրկվել է ջրից, այնինչ, համայնքը ջուր է ստանում հակառակ կողմից»:
Նախարարը հայտնել էր, թե՝ չի կարող ԱԺ ամբիոնից հաստատել «նման կեղծիքները»:
Հարակից հրապարակումներ`
- Պապիկյանը ադրբեջանցիների առաջխաղացման մասին. «Իսկ ո՞վ է ասել, որ դրա մասին ՊՆ-ն տեղյակ չէր»
- Ներքին Հանդի վերաբերյալ ՊՆ պարզաբանումը չի կարող հիմք ընդունվել ՀՀ բնակչության անվտանգությունն ապահովելու հարցում. Թաթոյան
- ՊՆ պարզաբանումը՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ առաջխաղացման վերաբերյալ
- Ադրբեջանական ԶՈւ նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության տակ են հայտնվել Ներքին Հանդի գերեզմանատունը, եկեղեցին, արոտավայրերի մեծ մասը. ՄԻՊ
- Էդգար Էլբակյան. Ներքին Հանդի պատմությունը հոյասքանչ կերպով ցույց է տալիս, թե ինչ աղետ է բերել թյուրքամետ իշխանությունը մեր հայրենիքի գլխին
- ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ կապված Ներքին Հանդի հետ, իրականությանը չի համապասխանում. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան