4.1 մլրդ դրամ՝ քննիչների, ԱԱԾ-ի և Ոստիկանության աշխատակիցների «ֆինանսական վիճակը փոքր ինչ բարելավելու համար»
Գործադիրն այսօր չզեկուցվող նախագծերից մեկով կառավարության ֆոնդից 3 մլրդ 120 մլն դրամ կհատկացնի ԱԱԾ-ին, 340 մլն դրամ՝ Ոստիկանությանը և 643.5 մլն՝ ՀՀ քննչական կոմիտեին:
Նախագծի հիմնավորման մեջ պարզաբանվում է միայն Քննչական կոմիտեին գումարի հատկացման նպատակը՝ «ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց ֆինանսական վիճակը փոքր ինչ բարելավելու և արտահոսքը որոշ չափով կանխելու նպատակով»: Կից փաստաթղթից կարելի է ենթադրել, որ նույն նպատակով է նաև հատկացում արվում ԱԱԾ-ին և Ոստիկանությանը:
Հիմնավորման մեջ ասվում է. «Վերջին տարիներին քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճի պայմաններում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Քննչական կոմիտե) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ՝ Քննչական կոմիտեի քննիչներ) անխուսափելի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել ՀՀ Սահմանադրությամբ քննչական մարմիններին վերապահված գործառույթի (մինչդատական քրեական վարույթ) արդյունավետության նվազեցմանը:
Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց ֆինանսական վիճակը փոքր ինչ բարելավելու և արտահոսքը որոշ չափով կանխելու նպատակով՝ առաջարկվում է Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց համար ՀՀ 2022թ. պետական բյուջեից հատկացնոլ 643.500.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը):
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության գծով ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է վերջիններիս բնականոն գործունեության ապահովմամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից շրջանառվում է ՀՀ կառավարության 03.07.2014թ. 712-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան