Նիկոլ Փաշինյանը բողոքարկել է Թովմասյանի հայցի վերաբերյալ դատարանի վճիռը
Նիկոլ Փաշինյանը դիմել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ բողոքարկելով ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հայցը՝ ընդդեմ իրեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մասնակի բավարարելու վճռի դեմ։
Դատական տեղեկատվական համակարգից Panorama.am-ը տեղեկացավ, որ գործը ստացվել է մարտի 21-ին, մարտի 22-ին այն մակագրվել է դատավոր Անի Մխիթարյանին։ Գործը բաղկացած է երկու հատորից։
Ավելի վաղ Panorama.am-ը հայտնել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի մասնակի բավարարել է։
Դատարանը վճռել էր՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:
Ըստ դատարանի վճռի. facebook.com սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը։
Ընդհանուր իրավասության դատարանը վճիռը կայացրել է այս տարվա փետրվարի 17-ին։ Այն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվել։ Վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։