Իշխան Սաղաթելյան. Հայաստանի օրվա իշխանությունը փորձում է ամբողջությամբ ձեռքերը լվալ Արցախի հարցից
Ընդդիմության երկու կարևոր նախաձեռնություններ, ցավոք, տապալվեցին քաղաքական մեծամասնության կողմի։ Ամփոփելով անցնող շաբաթվա ընթացքում խորհրդարանի աշխատանքը՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Առաջին նախաձեռնության հեղինականերն էին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արամ Վարդևանյանն ու Իշխան Սաղաթելյանը։ Առաջարկվում էր լրացումներ կատարել Քրեական օրենսգրքում և Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության անձեռնմխելիության հարցը կասկածի տակ դնող պաշտոնյաները ենթարկվեին քաղաքական հետապնդման։
«Քաղաքական մեծամասնությունը մերժեց այն՝ որակելով քաղաքացու շահերից չբխող, փորձեցին հակադարձել, որ այն դեմ է խոսքի ազատությանը։ Նախաձեռնության համար հիմք էր հանդիսացել այն, որ կառավարության ու խորհրդարանի որոշ ներկայացուցիչներ հրապարակային կերպով հարցականի տակ էին դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-ասաց նա։
Երկրորդ նախաձեռնությունը «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններին էր, առաջարկել էին, որ խորհրդարանի Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շարունակվող ագրեսիայի մասին հանդես գա հայտարարության տեքստով։
«Գիտեք, մենք հրատապ նիստ էինք պահանջում, տեղի ունեցավ փակ քննարկում, ցավոք , սա էլ տապալվեց։ Հայատարարության մեջ ցանկանում էինք արձանագրել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ ու հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը հայկական զույգ պետությունների նկատմամբ իրականացվող քայլերի ու գործողությունների նկատմամբ»,-ասաց Սաղաթելյանն ու նկատեց, այսքանն ասում է, որ Հայաստանի քաղաքացին հասկանա, թե ովքեր են այսօր իշխանության ղեկին ու ուր են տանում Հայաստանի Հանրապետությունը։
Սաղաթելյանը հիշեցրեց, որ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունն էլ իշխանությունը մերժեց՝ հիմնավորելով, որ գոյություն ունի Հայաստանի ու Արցախի միջխորհրդարանական հանձնաժողով, որն ավելի բարձր կարգավիճակ ունի։
«Ութ ամսվա ընթացքում միջխորհրդարանական հանձնաժողովը որևէ նիստ չի գումարել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ թվարկելով այլ նախաձեռնություններ, որոնք մերժվել են իշխանության կողմից, այդ թվում Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ստորագրված Շուշիի համաձայնագրի վերաբերյալ հայտարարության ընդունման առաջարկը, որտեղ պետք է նշվեր՝ այդ համաձայնագրի հակահայկական դրույթներն անընդունելի են Հայաստանի համար։
Այս ամենը «Հայաստան» խմբակցության պատգամավորին հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը փորձում է ամբողջությամբ ձեռքերը լվալ Արցախի հարցից, հրաժարվում է Արցախի ինքնիշխանության, անվտանգության երաշխավորի իր պարտականություններից։
«Այս իմաստով մտահագությունը շատ խիստ է»,-ասաց ԱԺ փոխնախագահը։