Մի բան է բարձրացնել 500 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան 550 հազար հոգու թոշակի բարձրացնելը. Փաշինյան
«Մենք գիտենք, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է: Բայց պիտի իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է գնաճի աննախադեպ բարձր փուլում, և դրա պատճառները կարող եք իմանալ ցանկացած պահի նորությունների ալիքների բովանդակությանը ծանոթանալով: Եվ Հայաստանը դեռ մի բան էլ այս իմաստով լավ վիճակում է՝ շատ ու շատ երկրների համեմատ»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը հասկանում է, որ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնի, և դա անում է այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձևավորվում է բոլորի տված հարկերի հաշվին:
Նրա խոսքով՝ 2021 թվականին բյուջեից հարկային մուտքերը ավելացել են 147 միլիարդ դրամով, իսկ առանց օրենսդրական փոփոխությունների հավելյալ եկամուտները եղել է շուրջ 110 միլիարդ դրամ՝ չնշելով սակայն, որ այդ գումարների զգալի մասը ապահովվել է գնաճի հետևանով:
«Իհարկե, կան շահարկումներ այն մասին, որ մենք բարձրացնում ենք իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձեր և բավարար չափով չենք բարձրացնում ու դեռ չենք բարձրացնում կենսաթոշակներ: Այո, բայց պետք է հաշվի առնել երկու բան: Նախ մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հագու, նույնիսկ 20 հազար հագու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան բարձրացնել 550 հազար հոգու թոշակը: Կամ 600 հազար հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն, և մենք իհարկե, ամեն հնարավորը անում ենք նախընտրական մեր խոստումները օր առաջ կյանքի կոչելու համար»,-հայտարարեց Գործադիրի ղեկավարը և հավելեց. «Մյուս կողմից, իրավապահ, դատական համակարգում աշխատավարձեր բարձրացնում ենք առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու, որովհետև իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում և հետո այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված երկրի տնտեսության, իրավունքի, օրենքի և օրինականության վիճակը: Ամեն դեպքում, սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավելևս՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են»:
Նրա խոսքով՝ մարտի առաջին 20 օրվա տվյալներով Հայաստանում ՀԴՄ-ով արձանագրված գործարքների թիվը ավելացել է շուրջ 510 հազար հատ գործարքով, իսկ դրամաշրջանառությունը աճել է 60 միլիարդ դրամով, որը 120 միլիոն դոլարից ավելի շատ է, իսկ փետրվար ամսին գրանցվել է աշխատատեղերի ռեկորդ՝ 646 հազար 77 և գրանցված աշխատողների միջին աշխատավարձը 223 հազար 235 դրամ է, որը 2021 թվականի նկատմամբ ավել է 9 %-ով:
Ըստ Փաշինյանի՝ սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանի առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերը չէ:
«Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում աշխարհում և այն ինչ կատարվում է աշխարհում, մեկնարկեց մեզ հետ տեղի ունեցածով և այսօր տեղի ունեցողն էլ ուղիղ անդրադառնում է և անդրադառնալու է մեր վրա»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ: Եվ որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից հասնել մեզ համար ցանկալի հանգուցալուծման, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ»:
Հարակից հրապարակումներ`
- Այն, որ Արցախում այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը
- Ադրբեջանը պարզապես փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան