Կուտակված հարցերի չլուծումը կարող է բերել Արցախի մեծ ծավալի հայաթափմանը կամ նոր պատերազմի. Աբրահամյան
«Արցախում ստեղծված իրավիճակն առաջին հերթին բնութագրվում է որպես հումանիտար աղետ։ Աղետ է նաև անվտանգության տեսանկյունից»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, թեև ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում գազատարի վերականգնման ու գազի մատակարարման ուղղությամբ, ցավալիորեն, բանակցությունների այս փուլը դեռևս որևէ երաշխիք չի տալիս, որ սրան հաջորդած ժամանակահատվածներում Արցախում չեն լինի ճգնաժամային նոր իրավիճակներ։
«Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճշումների իր զինանոցը և երկարաժամկետ կտրվածքով այս պահին որևէ լուծում դեռևս տեսանելի չէ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ինչ վերաբերում է իրավիճակը մեղմելու, իրավիճակից դուրս գալու Հայաստանի կառավարության ծրագրերին, որոնց մասին երեկ խոսել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, բայց որոնք դեռևս կյանքի չեն կոչվել, Տ. Աբրահամյանն ասաց, որ հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանը Արցախին տրամադրվող միջպետական վարկին զուգահեռ նաև որոշակի ծրագրեր է իրականացրել։
«Այս պահին կոնկրետ այս իրավիճակով պայմանավորված միջոցառումների մասին ինձ հայտնի չէ։ Կառավարության կայքում կա Արցախին վերաբերող ենթաբաժին, ներկայացված է օժանդակության ծրագրեր, բայց որքան ես եմ հասկանում, դա պայմանավորված չէ Արցախում այս պահին ստեղծված իրավիճակով։ Դա ավելի շատ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում ստեղծված խնդիրներով է պայմանավորված։ Առաջիկայում կփորձեմ նաև որոշակի հստակություններ ստանալ այս մասով»,- նշեց նա։
Նրա խոսքով, իհարկե, իրավիճակն ամենապարզերից չէ, բայց կան հրատապ լուծում պահանջող հարցեր։
«Շատ ավելի երկարաժամկետ կտրվածքով մենք պետք է հասկանանք, թե իրականության մեջ ինչ ենք անում ոչ միայն գազամատակարարման խափանումների, այլ մնացած այլ սպառնալիքների դեպքում, որոնք այսօր արդեն իսկ հստակ են, թե ինչ կարող է նաև կատարվել։
Կառավարությունը պետք է ունենա համալիր ծրագրեր նաև անվտանգության բաղադրիչը հաշվի առնելով, որովհետև այդ հարցերի կուտակումը, չլուծումը կարող է բերել երկու խոշոր հետևանքների՝ կամ Արցախի մեծ ծավալի հայաթափմանը, երկրորդ՝ բերել նոր պատերազմի»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Տ.Աբրահամյանը նշեց, որ Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված ամբողջությամբ, ամեն ինչ չեն կարող բարդել ռուսական կողմի վրա հենց միայն մեկ պատճառով, որ ցանկացած պարագայում Հայաստանը, հայ ժողովուրդն ունի առաքելություն ապահովելու իր հայրենակիցների անվտանգությունը ցանկացած հատվածում։
«Ռուսական խաղաղապահ զորքերն Արցախում անվտանգությունն ապահովելու առաքելություն ունեն։ Ռուսական կողմն այս 1,5 տարում Արցախում իրավիճակի կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք իրականացրել է, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ քաշվի իրավիճակից, ամբողջությամբ պատասխանավությունը բարդի ռուսական կողմի վրա։ Հայաստանն ունի պարտավորություն Արցախի անվտանգության ապահովման և Արցախի բնականոն զարգացումն ապահովելու համար։ Այլ բան է, որ այս իշխանության մոտեցումները, Հայաստանի գլխավոր առաքելությունն այս պահին խիստ տարբերվում են»,-ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը պարզապես փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը. Փաշինյան
- Արցախում հումանիտար ճգնաժամի խորացման միտում կա, ի՞նչ միջոցառումներ է մշակել ՀՀ կառավարությունը. Աբրահամյան
- ՔՊ-ականները չեն պատասխանում Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցերին
- Իշխանությունն առկա սպառնալիքների հաղթահարելուն ուղղված կամք և ցանկություն չունի. Տիգրան Աբրահամյան
- ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը միտումնավոր խաթարում է ԼՂ-ում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը
- ՔՊ-ն տապալեց Արցախի հումանիտար իրավիճակի հարցով ընդդիմության հայտարարության նախագիծը
- ԱԺ-ում փակ նիստով կքննարկեն Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցը
- Ադրբեջանն ընդլայնում է Արցախի և ՀՀ նկատմամբ ճնշումների զինանոցը ու դա անում է ահաբեկչական մեթոդներով. Աբրահամյան
- ՀՀ ՄԻՊ-ը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին ներկայացրել է Արցախում տիրող հումանիտար իրավիճակը
- Տիգրան Աբրահամյան. Փաստորեն երբ Հայաստանի իշխանությունն անընդհատ ասում էր՝ իրավիճակ է փոխվել, Ադրբեջանին ի նկատի ունե՞ր
- Զախարովա. Մենք տեղյակ ենք Արցախում գազատարի վթարի հետ կապված ծանր հումանիտար իրավիճակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան