Ոչ մի ազատ թիզ Կենտրոնում՝ Արգիշտիում կրկին բազամահարկ շենք են կառուցում
Երևանի Արգիշտի փողոցի բնակիչներն ահազանգում են՝ կողք կողքի խիտ շարված շենքերի կողքին մեկն էլ են կառուցում։
«Ո՞ւր ենք փախչելու, եթե աստված մի արասցե, երկրաշարժ լինի»,-հարցնում են նրանք՝ ցույց տալով օր օրի փոքրացող ազատ տարածքը։
Իրականացվող շինարարության ձայնից, փոշուց բողոքող քաղաքացիներին առավել շատ մտահոգում է հարցը՝ արդյոք շենքին շատ մոտ իրականացվող ասֆալտի քանդման, հորատման աշխատանքների հետևանքով չի՞ տուժի իրենց շենքերի սեյսամակայունությունը։
Ի դեպ՝ նոր շինարարության կողքը նաև ստորգետնյա ավտոտնակներ են։
«Դիմանալ չի լինում, ողջ օրը տեխնիկայի աշխատանքի ձայնն է, աղմուկ, նույնիսկ հանգստյան օրերին, երբ մնում ենք տանը՝ իբր հանգստանալու»,-ասում են բնակիչները։
Շինհրապարակից մի քանի մետր այն կողմ գտնվող բազամահարկ շենքերի բնակիչները ստիպված են դեռ 27 ամիս լսել տեխնիկայի ձայնն ու մտահոգվել՝ անվտանգ կմնա՞ն իրենց շենքները շինաշխատանքներից հետո։
Ի պատասխան Panorama.am-ի գրավոր հարցման, Երևանի քաղաքապետարանից հայտնեցին՝ Արգիշտի 7/6 հասցեի հարակից հատվածում «Նյու էյջ քոնսթրաքշն» ՍՊԸ-ին անցած տարեվերջին՝ 22.12.2021 թ. տրվել է բազմաբնակարան շենքի կառուցման շինթույլտվություն։ Շինարարական աշխատանքները կտևեն 30 ամիս:
«Շինթույլտվության և կառուցապատվող օբյեկտի տեխնիկական բնութագրի վերաբերյալ տարածքում առկա է համապատասխան ցուցանակ»,-ասացին քաղաքապետարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան