Կայացավ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը։ Դատավարությունը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։
Մինչ վկաների հարցաքննությանն անցնելը, նախագահող դատավոր Վահե Միսակյանը ասաց, որ կան ավելի վաղ ներկայացված միջնորդություններ, որոնց պետք է անդրադառնալ։
Դատավոր Վահե Միսակյանն ասաց, որ, ի սկզբանե, որոշվել էր ամբաստանյալների հարցաքննությունն իրականացնել բոլոր ապացույցների հետազոտման վերջում, այսինքն վերջում, գրավոր ապացույցների և վկաների հարցաքննությունից հետո։ Այս հանգամանքով պայմանավորված՝ դատարանի դիրքորոշումը հետևյալն է՝ գործով մահացած մեղադրյալներ Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի ցուցմունքների հրապարաման հարցը դատարանը հնարավոր է տեսնում ամբաստանյալների հարցաքննության ժամանակ, այսինքն վկաների հարցաքնննությունն ավարտելուց հետո, բայց մինչև մյուս ամբաստանյալների հարցաքննությունը սկսելը։
«Ապացույցների յուրաքանչյուր տեսակ իր հետազոտման կարգն ունի։ Ամբաստանյալների ցուցմունքները դատարանում հետազոտվում է հարցաքննության ձևով։ Քանի որ օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չունենք հարցաքննություն իրականացնենք, դա չի դարձնում այդ ապացույցը գրավոր փաստաթուղթ կամ այլ ապացույց։ Դա ցուցմունք է, որ օբյեկտիվ պատճառով հնարավոր չէ վերջիններիս հարցաքննություն իրականացնել, այնումենայնիվ, ամբաստանյաների հարցանքննության մի մաս է»,- մանրամասնեց դատավորը։
Մեղադրող դատախազն ներկայացրեց իր դիրքորոշումը՝ վերջիններիս ցուցմունքն այս փուլում հրապարակել, բայց դատավորը կրկնեց, որ մահացած մեղադրյալների ցուցմունքները կհրապարակվեն ամբաստանյալների հարցաքննության ընթացքում։
«Անձի մահը չի հանգեցնում ապացույցի տեսակի փոփոխման, ապացույցը շարունակում է մնալ ամբաստանյալի ցուցմունք՝ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում նախկինում տրված»,- ասաց դատավորը։
Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։
Ըստ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ․ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։
Ըստ Գևորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2012թ․ հունիսի 25-ից մինչև 2015թ․ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ․ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն»։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով անցնող Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի և մյուսների գործով փաստաթղթերի հետազոտման փուլն է
- Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հաջորդ նիստին կմեկնարկի ապացույցների հետազոտման փուլը
- Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատաքննությունը սկսվեց
- Մեկնարկել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը
- Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին