Մեր շուրջ տեղի են ունենում գործընթացներ, որոնք կարող են պատերազմական գործողությունների իրական վտանգ ստեղծել. Աբրահամյան
«Չեմ կարծում, որ հետպատերազմյան ժամանահատվածում Հայաստանի այս իշխանություններն անհրաժեշտ եզրակացություններ են կատարել ստեղծված իրավիճակից և Հայաստանի ու Արցախի գլխին կախված սպառնալիքներից»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, որքան էլ պաշտպանության նախարարը փորձի կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կամ այլ բնույթի հայտարարություններում հուժկու կերպար ստեղծի իր շուրջ, միգուցե իր անձնական կերպարի կամ փիառի բարձրացմանը նպաստի, բայց իրականության մեջ Զինված ուժերում որևէ լուրջ փոփոխություն չի եղել։
Տ. Աբրահամյանն ասաց, որ պաշտպանության համակարգում բարեփոխումների մասին խոսվում է վերջին շրջանում, մի քանի աշխատանքային քննարկում եղել է, բայց դրանք չեն լուծում այն համակարգային խնդիրները, որոնք այսօր առկա են և արագ լուծում են պահանջում։ Ըստ նրա, այդ բարեփոխումները դեռևս նախնական փուլում են, չեն էլ հասել օրենսդրական փոփոխությունների մակարդակի։
«Ռուս-ուկրաինական այս ճգանաժամը, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան մակարդակներում ընթացող գործընթացները, յուրաքանչյուրն իր մասում հետագայում ռազամական գործողությունների հավանականության նշմարում է։ Չեմ ուզում ասել դա այսօր, առաջիկա մեկ ամսում է լինելու, բայց մեր շուրջ կան գործընթացներ, նաև մեր մասնակցությամբ ընթացող, որոնք կարող են որոշակի ժամանակ հետո պատերազմական գործողությունների իրական վտանգ ստեղծել»,- ասաց Տ.Աբրահամյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի խոսքով, մեկ բան է, որ բանակցում ես պատերազմը կանխելու ուղղությամբ, մեկ այլ բան է, որ դու քո անվտանգային համակարգը, առհասարակ պետական կառավարման համակարգը, պատրաստում ես հնարավոր գործողությունների։
Հարակից հրապարակումներ`
- Կուտակված հարցերի չլուծումը կարող է բերել Արցախի մեծ ծավալի հայաթափմանը կամ նոր պատերազմի. Աբրահամյան
- Արցախում հումանիտար ճգնաժամի խորացման միտում կա, ի՞նչ միջոցառումներ է մշակել ՀՀ կառավարությունը. Աբրահամյան
- Իշխանությունն առկա սպառնալիքների հաղթահարելուն ուղղված կամք և ցանկություն չունի. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանն ընդլայնում է Արցախի և ՀՀ նկատմամբ ճնշումների զինանոցը ու դա անում է ահաբեկչական մեթոդներով. Աբրահամյան