310 մլն դրամի փոխարեն ինչու է վճարվել 768 մլն դրամ
«Հաշվեքննիչ պալատի ներկայացրած որոշման վերաբերյալ Առողջապահության նախարարության կողմից ներկայացվել էին մեկնաբանություններ, որոնց, մեր մեղավորությամբ տեխնիկական առումով, որոշ ֆայլեր չէին կցվել և հնարավորություն չի եղել մեր բացատրությունները և որոշակի դիտարկումները ևս ներառել այնտեղ»,- ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ առողջապահության նախարարությունում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա հայտնեց, որ նոր աղյուսակներ ավելացնելով փորձել են բացատրություններ ներկայացնել հաշվեքննության արդյունքում ի հայտ եկած որոշ խնդրահարույց հարցերի շուրջ, որոնք վերաբերում էին բժշկական կենտորնների կողմից իրականակցված կատարողակնների հիման վրա նախատեսվածից ավելի ֆինանսավորումներին:
Նկատելով, որ հաշվեքննությունը վերաբերել է 2021թ-ի ընդամենը 9 ամիսներին՝ առողջապահության նախարարն ասաց. «Մեր կարծիքով տարեկան արդյունքների ամփոփումն ու դիտարկումը շատ հարցերի պատասխաններ կտար Հաշվեքննիչ պալատին և նրա բարձրացրած շատ հարցեր փարատված կլինեին»:
Անահիտ Ավանեսյանը սկսեց մանրամասը ներկայացնել բուժհաստատությունների կողմից բժշկական օգնության և սպասարկման կատարողականների և դրանց ֆինանսավորման համամասնությունների հատկացման գործընթացը:
Ըստ նրա, Առողջապահական կազմակերպություների համար ձևավորվում են երկու տիպի համամասնություններ՝ աշխատանքների կատարման ամսական համամասնություն և ֆինանսավորման ամսական ժամանակացույց, որը հաշվվում է բուժհաստատությանը տարեկան հատկացված ֆինանսավորումը բաժանելով 12 ամիսների վրա:
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն առաջարկեց պատասխանել Հաշվեքննիչ պալատի բացահայտումներին, ըստ որի, շուրջ 10-12 բժշկական հաստատություններին ավելի վճարումներ է կատարվել, քան պետական ծրագրով հաստատված կատարողականներն են եղել:
Պատգամավորները մասնավորապես հետաքրքրվեցին, թե ինչու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին նախատեսված է եղել 9 ամսում տրամադրել 310 մլն դրամ, բայց փաստացի վճարվել է 768 մլն դրամ:
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այդ կատարողականների համար պետական բյուջեից վճարվել է 292 մլն դրամ՝ 12 մլն դրամ պակաս:
«2021 թվականին մի շարք բժշկական հիմնարկներ քովիդի բուժման գործընթացում են ներգրավված եղել և ֆինանսավարվել են այդ շրջանակներում, բայց այլ կատարողականների հիման վրա և պահպանման ծախսերի տողով, այդտեղից է այդ հավելյալ գումարը»,- պարզաբանեց նախարարը:
Ավանեսյանը նույն հիմնավորմամբ բացատրեց Առողջապահության ազգային ինստիտուտին նախատեսված 7 միլիոն դրամի դիմաց 134 մլն դրամ հատկացնելու փաստը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան